Ազգային ժողովը մարտի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: Նախաձեռնությունը հեղինակել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Օրենքը սահմանում է, որ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակարան վարձակալելու դիմաց Կառավարության սահմանած կարգով եւ չափերով պայմանագրային զինծառայողներին տրվում է դրամական փոխհատուցում:
Թագուհի Թովմասյանին հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ զինծառայողները մի շարք պատճառներով չեն կարողանում պայմանագիր կնքել այն սեփականատերերի հետ, որոնց տունը վարձակալում են: Փոխարենը զինծառայողները վարձավճարի փոխհատուցում ստանալու նպատակով համապատասխան հանձնաժողով են ներկայացնում այն սեփականատիրոջ հետ կնքված պայմանագիրը, որի տանը չեն ապրում:
Պատգամավորի գրությանն ի պատասխան` Դատախազությունից հայտնել են, որ 81 քաղաքացու նկատմամբ հարուցվել է քրեական գործ` խարդախության հոդվածով: «Ստացվում է, որ զինծառայողը վարձով ապրելու համար դատվում է խարդախության հոդվածով»,- մտահոգություն է հայտնել Թագուհի Թովմասյանը:
Իրավիճակը կանխելու նպատակով հեղինակն առաջարկում է զինծառայողից այլեւս չպահանջել նոտարական վավերացմամբ վարձավճարի պայմանագիր: Միայն սեփականություն չունենալու մասին Կադաստրի կոմիտեի տեղեկանքը պետք է բավարար լինի այդ փոխհատուցումից օգտվելու համար: Հեղինակը կարծում է, որ պետությունը պետք է ընդգծված վերաբերմունք ցուցաբերի զինծառայողների նկատմամբ` հաշվի առնելով նրանց տրվող աշխատավարձի չափը:
Թագուհի Թովմասյանը նշել է, որ խնդիրը քննարկվել է շահագրգիռ բոլոր կողմերի հետ:
Գլխադասային` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը: «Մեր երկրի պաշտպանության հետ կապված բոլոր հարցերը մեզ համար չափազանց կարեւոր են, եւ դրանց բազմակողմանի ուսումնասիրությունն անհրաժեշտ ենք համարում»,- ընդգծել է պատգամավորը:
Կառավարության տեսակետը բարձրաձայնել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Նա նշել է, որ առաջարկվող փոփոխությունները չեն բխում օրենքի 65-րդ հոդվածի կարգավորման էությունից: Հոդվածի կարգավորման նպատակը ոչ թե պարզապես դրամական փոխհատուցում տրամադրելն է, այլ` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին աջակցելը: Կառավարությունը ծրագրում է համալիր լուծումներ տալ զինծառայողների` բնակարանով ապահովման գործընթացին եւ այս պահին առաջարկում է ձեռնպահ մնալ կարգավորումների ընդունումից:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ելույթ է ունեցել Թագուհի Թովմասյանը: Նա անդրադարձել է առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ պատգամավորների ելույթներում հնչած մտահոգություններին: Պատգամավորը փաստել է, որ նախաձեռնության վերաբերյալ պատգամավորներն որեւէ առաջարկ չեն ներկայացրել:
Սեյրան Օհանյանը, ներկայացնելով ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը, նշել է, որ հեռանկարային լուծումը` զինծառայողներին հավելավճարների տրամադրումն է:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումը բարձրաձայնել է Արթուր Հովհաննիսյանը: Նա նշել է, որ խմբակցությունը կարեւորում է զինվորականներին վերաբերող ցանկացած նախագիծ, սակայն ներկայացված նախաձեռնությամբ չի լուծվում ոլորտում առկա խնդիրը: