ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովները Գեւորգ Պապոյանի եւ Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ մարտի 15-ին հրավիրած համատեղ նիստում քննարկել են «ՀՀ առողջապահության նախարարությունում 2021թ. պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» ՀՀ հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:
Հիմնական զեկուցող ՀՀ հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում Առողջապահության նախարարությունն իրականացրել է 15 բյուջետային ծրագիր, որի կյանքի կոչելու համար նախատեսվել է շուրջ 109 միլիարդ դրամ, փաստացի վճարումը կազմել է 95 միլիարդ դրամ:
Հաշվեքննության է ենթարկվել 6 բյուջետային ծրագրի 8 միջոցառում: Բանախոսի հավաստմամբ` հաշվեքննության ծածկույթը կազմել է շուրջ 56,4 միլիարդ դրամ:
Այնուհետեւ Խաչիկ Փափազյանը ներկայացրել է ՀՊ-ի կողմից արձանագրված անհամապատասխանությունները: Բժշկական ծառայությունների կատարողականների դիմաց արձանագրվել են ինչպես ավելի, այնպես էլ պակաս վճարման դեպքեր:
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն անընդունելի է համարել հատկապես ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների գրանցված գերավճարները, սա այն դեպքում, երբ այդ ծառայություններից օգտվողների քանակը հստակ է:
Հարակից զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը տեղեկացրել է, որ Պետական առողջապահական գործակալության ներկայացրած պարզաբանումները ՀՊ-ի արձանագրությունների վերաբերյալ տեխնիկական պատճառներով տեղ չեն հասել:
ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետի տեղակալ Գարուշ Այվազյանը հանգամանալի անդրադարձել է ՀՊ-ի եզրակացությունում արձանագրված անհապատասխանություններին` շատ դեպքերում հերքելով դրանք:
Մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արթուր Խաչատրյանն անընդունելի է համարել քննարկմանն առողջապահության նախարարի չմասնակցելը: Նա առաջարկել է հետաձգել նիստը:
Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը կողմ է արտահայտվել առաջարկին եւ ժամանակ տրամադրել երկու գերատեսչություններին` հարթելու երկուստեք արձանագրած անհամապատասխանությունները:
ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն իր խոսքում ընդգծել է նմանօրինակ քննարկումների վերաիմաստավորման կարեւորությունը:
Հարցի քննարկումը հետաձգվել է: