Խորհրդարանը մարտի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է իրավապահ մարմինների սոցիալական երաշխիքների բարելավմանն ուղղված նախաձեռնությունը:
ՀՀ կառավարությունը եւ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Արթուր Դավթյանն առաջարկում են փոփոխություններ եւ լրացում կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» եւ կից ներկայացված այլ օրենքներում:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնության վերաբերյալ պատգամավորների եւ շահագրգիռ մարմինների մասնակցությամբ տեղի են ունեցել բովանդակային քննարկումներ, որոնց արդյունքում կատարվել են որոշակի փոփոխություններ, եւ փաթեթը լրամշակվել է:
Վերանայվել են Դատախազի, Հակակոռուպցիոն ու Քննչական կոմիտեներում եւ ՊԵԿ-ի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց 20 տարվա մասնագիտական ստաժով կենսաթոշակ նշանակելու հիմքերը:
Պետական պաշտոն զբաղեցրած անձը չի ունենա կենսաթոշակի իրավունք, եթե պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ կամ դրանից հետո օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար, որը կատարել է պաշտոնավարման ընթացքում: «20 տարվա մասնագիտական ստաժով նշված անձանց կենսաթոշակ կնշանակվի` անկախ ազատման հիմքից, եւ հաշվի կառնվի միայն պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ կամ դրանից հետո մինչեւ կենսաթոշակի համար դիմելն օրինական ուժի մեջ մտած դատավճռով պաշտոնավարման ընթացքում ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու հանգամանքը>>,- նշել է Դավիթ Խաչատրյանը:
Զեկուցողը տեղեկացրել է, որ վերախմբագրվել են նաեւ օրենքի մի շարք դրույթներ:
Փոխնախարարի խոսքով` նախաձեռնության վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը եւ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, որոնք ընդունվել են մասամբ:
Գլխադասային` ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախաձեռնությանը:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Սնդիկի մասին», ««Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթները, «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած ««ՀՀ դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: