ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, հանձնաժողովի անդամներ Մաթեւոս Ասատրյանը եւ Սերգեյ Բագրատյանը մարտի 31-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն եւ կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» թեմայով սեմինարին:
Միջոցառումը կազմակերպվել է «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` ՀԸԳՀ վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» եւ Շրջակա միջավայրի նախարարության Թվինինգ ծրագրերի շրջանակում: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին:
Ողջունելով հյուրերին՝ հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը կարեւորել է Հայաստանի համար դժվարին ժամանակներում չեխ գործընկերների այցը, արժեւորել նրանց հետ շրջակա միջավայրի պահպանությանը, ինչպես նաեւ միջազգային համաձայնագրերին համապատասխան օրենսդրական փոփոխություններին առնչվող հարցերի քննարկումը, փորձի փոխանակումը:
Հանձնաժողովի անդամները հետաքրքրվել են հանքարդյունաբերության ոլորտը կարգավորող չեխական օրենսդրությամբ, մասնավորապես՝ պոչամբարների մաքրման աշխատանքներով, ներկայացրել վերջերս ընդունված ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի արդյունքում ընդերքօգտագործողների կողմից վճարվող ռոյալթիի 2 տոկոսը կփոխանցվի ազդակիր համայնքներին:
Պատվիրակության անդամները տեղեկացրել են, որ անցած երեք օրերին եղել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, Դիլիջանի ազգային պարկում, «Դիլիջան» ազգային պարկում կառուցված «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում» ծանոթացել եղջերուների խնամքին:
Զրուցակիցները փաստել են` երկու երկրներում շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող խնդիրները նման են. Չեխիայում նույնպես խնդրահարույց է պոչամբարների առկայությունը:
Չեխ գործընկերները կարծում են, որ Հայաստանը կարող է զարգացնել զբոսաշրջությունը՝ շեշտը դնելով արգելոցներ այցերի վրա:
Այս համատեքստում հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը տեղեկացրել է, որ զբոսաշրջության զարգացումը Հայաստանի կառավարությունն առաջնային է համարել, եւ այդ նպատակով միջոցառումներ են իրականացվում:
Քննարկվել են բնապահպանությանն առնչվող այլ հարցեր: Զրուցակիցները կարեւորել են համագործակցության շարունակականությունը: