National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
31.03.2022
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների երրորդ միջազգային ցուցահանդեսը
1 / 12

Մարտի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Կառավարության ներկայացուցիչներ, դեսպաններ, պաշտպանական եւ անվտանգային տեխնոլոգիաների ոլորտի  ներկայացուցիչներ, տարբեր երկրների մասնագետներ, բազմաթիվ այցելուներ:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը շնորհավորել է ներկաներին «ԱրմՀայԹեք 2022» միջազգային ցուցահանդեսի կայացման առթիվ եւ տեղեկացրել, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով միջոցառումը 2020-2021թթ. հետաձգվել էր:

«Այսօր կարելի է փաստել, որ միջոցառումը հաջողել է: Ես ցանկանում եմ հատկապես նշել այն ինժեներների, գիտնականնների, ստեղծագործ մարդկանց աշխատանքը, ովքեր գիշեր ու ցերեկ աշխատել են ու ջանքեր ներդրել, որպեսզի Հայաստանն ունենա բավարար չափով պաշտպանական տեխնոլոգիաների արդյունաբերություն՝ զարգացնելով տեսլականն այդ ուղղությամբ»,-նշել է ԱԺ նախագահի տեղակալը:

Խորհրդարանի փոխնախագահը, կարեւորելով ներկայացված բարձր տեխնոլոգիական արտադրանքը, հայրենակիցներին հորդորել է բաց չթողնել ցուցադրությունը: Այս համատեքստում նա ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը Կառավարության նախանշած կարեւոր ուղղություններից է: Հակոբ Արշակյանը հավելել է, որ պաշտպանական տեխնոլոգիաներին հատկացվող բյուջետային միջոցները 2018 թվականի նկատմամբ բազմապատկվել են:

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունից հետո բարձրաստիճան պաշտոնատար անձինք շրջել են տաղավարներով, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին:

Ցուցահանդեսին մասնակցում է 50 ընկերություն: Միջոցառման նպատակն է ստեղծել եզակի հարթակ՝ խթանելու  եւ ուսումնասիրելու տեղական շուկան, առաջ մղելու ժամանակակից տեխնոլոգիաներն ու ծառայությունները, գտնելու գործընկերներ եւ ներդրողներ, ստեղծելու համագործակցային կապեր, ամրապնդելու գործընկերային հարաբերություններ:

Ցուցահանդեսի կազմակերպիչը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն է: Համակազմակերպիչներն են ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Երեւանի մաթեմատիկական մեքենաների գործարան» եւ «Բիզոն ցուցահանդեսային ընկերությունների միություն» ՓԲԸ-ները: