Ապրիլի 1-ին Վահե Ղալումյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահագն Հովակիմյանի, Վլադիմիր Վարդանյանի եւ Արփինե Դավոյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ օրինագիծը լրամշակվել է, կատարվել են խմբագրական բնույթի փոփոխություններ:
Օրինագծով նախատեսվում է, որ եթե օրենքով միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից քսան օրվա ընթացքում չի գումարվում կամ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով այդ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, ապա ՀՀ վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար` մինչեւ օրենքով սահմանված կարգով համայնքի նորընտիր ղեկավարի լիազորությունների ստանձնումը:
Կառավարության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: