Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ
փետրվարի 15-ին օրենսդիրները, Ազգային վիճակագրական ծառայության, Կենտրոնական բանկի
ներկայացուցիչներն ու շահագրգիռ մասնագետները հավաքվել էին խորհրդարանում` քննարկելու Հայաստանում գնաճի վարքագիծը:
«Գնաճը Հայաստանում» թեմայով լսումները բացելով` հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նկատեց, որ ապրանքների գների թանկացման կամ անկման, ինչպես նաեւ
գների վրա դրամ-դոլար փոխարժեքի
ազդեցության հետ կապված բազմաթիվ հարցեր են առաջացել: Այդ հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ներկայացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը եւ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան
Սարգսյանը:
Մինչ այդ, Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը ելույթում
անդրադարձավ
սոցիալական կարեւոր նշանակություն ունեցող այս հիմնախնդրի քննարկմանը: Դեռ տարեվերջին, երբ Կենտրոնական բանկի նախագահը խորհրդարանում ներկայացրեց
գնաճին վերաբերող խնդիրները, ԱԺ նախագահն
առաջարկել էր կազմակերպել գնաճի թեմայով խորհրդարանական լսումներ` հասկանալու համար Հայաստանում նկատվող միտումները: Մասնավորապես, թե գնաճի քաղաքականության հիմքում ինչպիսի՞ սկզբունքներ են ընկած, ինչպիսի՞
վիճակ է տիրում երկրում գնաճի խնդիրների շուրջ: ԱԺ նախագահը գտնում է,
որ կարեւոր է այս հարցերի շուրջ հանրությանը տալ սպառիչ տեղեկատվություն: Նա նշեց, որ կան տարբեր կարծիքներ. Կենտրոնական բանկի նախագահն, օրինակ,
հայտարարում է, որ Հայաստանում գների աճ չկա: ԶԼՄ-ները հեղեղված են տեղեկատվությամբ, որ հանրապետությունում ամեն օր սպառողական ապրանքների գները թանկանում են: Լսումները, ըստ Արթուր Բաղդասարյանի, հնարավորություն կընձեռեն լսելու տեսակետների հիմնավորումները, ծանոթանալու վիճակագրական ծառայության հաղորդումների հետ: Խորհրդարանի ղեկավարի գնահատմամբ, մի շարք ապրանքատեսակների գծով Հայաստանում կա գների աճ, եւ պետությունը պետք է փորձի, թույլատրելի գործիքների կիրառմամբ, նպաստել շուկայում
առաջին անհրաժեշտության ապրանքների գների կայունացմանը: Նաեւ պետք է անդրադառնալ տեղական եւ օտարերկրյա արտադրողների, արտահանման եւ ներմուծման խնդիրներին, գտնում է պրն. Բաղդասարյանը: ԱԺ նախագահի համոզմամբ, երկրում առկա
կոռուպցիոն ռիսկերը նպաստում են գների աճին: Այս բոլոր խնդիրները պետք է ստանան
սպառիչ պատասխաններ, ասում է պրն. Բաղդասարյանը: Նաո հույս հայտնեց լսումների ու արդյունավետ քննարկման արդյունքում հանգել ճիշտ եզրակացության` հետագայում այն
կիրառելով օրինաստեղծ եւ քաղաքական գործունեության մեջ:
Վիճակագրական
ծառայության պետն իր ելույթում անդրադարձավ երեք հարցի. ի՞նչ է սպառողական գների ինդեքսը (գնաճը), ինչպե՞ս է այն հաշվարկվում եւ ինչու՞:
Ներկաներին ամենահուզող հարցը այն էր, թե դրամի արժեւորման եւ դոլարի արժեզրկման
պարագայում ինչու՞ են թանկացել մի շարք ապրանքատեսակներ, անգամ` հայրենական արտադրության: Այս մասին «Օրիինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանի հարցին ի պատասխան պրն. Մնացականյանը տեղեկացրեց, որ հաշվարկները կատարվում ե
ն միջազգայնորեն ընդունված մեթոդներով, երբ ուսումնասիրվում են միայն
սպառողական նվազագույն զամբյուղի մեջ ընդգրկված ապրանքատեսակները: Պատգամավոր Թաթուլ Մանասերյանի հարցին`
նվազագույն սպառողական զամբյուղի ծավալի վերաբերյալ,
զեկուցողը պատասխանեց,
որ
պարենային զամբյուղը` կազմված առողջապահության նախարարության կողմից, 18 հազար դրամի սահմաններում է, իսկ նվազագույն սպառողական զամբյուղը` 29 հազար 800 դրամ: Սրանք նախորդ տարվա վերջին ցուցանիշներն են, որոնք կատարվել են 6 հազար 800 տնային տնտեսությունների ուսումնասիրությամբ եւ հաշվարկի հիմք ընդունելով 400 ապրանքատեսակ:
2005 թ. տվյալներով, գներն իջել են 0,2 տոկոսով, այսինքն` արձանագրվել է դեֆլյացիա, ինչն էլ պատգամավորներին իրական չի թվում:
ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց, որ յուրաքանչյուր տարվա բյուջեով ամրագրված գնաճը թե կառավարության եւ թե բանկի ուշադրության կենտրոնում է: Վիճակագրական վարչության թվերը, ԿԲ նախագահի գնահատմամբ, համապատասխանում են իրականությանը. բանկն իր հերթին է ուսումնասիրություններ եւ վերլուծություներ կատարել եւ ստացել դեֆլյացիայի նույն մակարդակը: Նա ներկայացրեց այս
ցուցանիշի հաշվարկման մեթոդն ու կառուցվածքը, ինչն էլ բացատրեց
հաշվարկված ու փաստացի գնաճի
տարբերությունը: Որոշ
ապրանքատեսակների գները նախորդ տարի նվազել են` ձկնամթերքի, ձվի,
շաքարավազի: Հացամթերքն էժանացել է 4,2 տոկոսով, միրգը`
17 տոկոսով: Ոչ պարենային ապրանքատեսակների
ուղղությամբ նկատվել է գնաճ` 2,1 տոկոսով, ծառայությունները թանկացել են 1,9 տոկոսով: Բնակարանների գներն էլ են կտրուկ թանկացել: Սակայն, դրանց գերակշիռ մասն ընդգրկված չէ
սպառողական զամբյուղի կազմում, իսկ միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությամբ, դիտարկվում են միայն զամբյուղի մաս կազմող ապրանքները. արդյունքում
հանգում ենք գնանկման ամրագրված ցուցանիշին: Ուշագրավ են վերջին տարիների համանուն ցուցանիշները. 2003-ին գրանցվել է 8,6 տոկոս գնաճ, 2004-ին` 2 տոկոս:
2006 թ. բյուջեի մասին օրենքով սահմանված գնաճի մակարդակը չպետք է գերազանցի
3 տոկոսը: Հունվարին արձանագրվել է գնաճի 2,6 տոկոս:
2006 թ. առաջին անգամ Կենտրոնական բանկն առաջնորդվելու է գնաճի նպատակադրման քաղաքականությամբ:
Այսինքն` հետեւելու է, որ գնաճն ունենա կայուն վարքագիծ: Իսկ ինչպե՞ս է բանկը փորձելու ազդել մենաշնորհ ունեցող տնտեսավարողներին, որոնք տնտեսությանը
թելադրում են սեփական գները: Սամվել Բալասանյանի այս հարցին ի պատասխան պրն. Սարգսյանը
նկատեց, որ մենաշնորհը տնտեսության մեջ ամենավտանգավոր երեւույթն է: ԿԲ նախագահի
կարծիքով, մենաշնորհի դեմ պայքարելու
ամենաարդյունավետ
տարբերակը նրանց գործունեության թափանցիկությունն ապահովելն է, հասարակական վերահսկողությունը:
Պրն. Բալասանյանի խնդրանքով,
գլխավոր դրամատան ղեկավարը պարզաբանեց գազի գների հնարավոր թանկացման ազդեցությունը գնաճի վրա: 2007 թ. անխուսափելի կլինի գնաճի տատանումը, երբ գազի թանկացմամբ պայմանավորված`
մի շարք ապրանքատեսակների ինքնարժեքը նույնպես բարձրանա: Այս ազդեցությունը չեզոքացնելու նպատակով
բանկն արդեն միջոցառումներ է ձեռնարկում`
ծրագրում է բարձրացնել վերաֆինանսավորման
տոկոսադրույքները: ԿԲ նախագահը լսումների ընթացքում տեղեկացրեց, որ նախորդ տարվա ընթացքում դրամի
գնողունակությունն աճել է 0,2 տոկոսով:
Հարցի վերաբերյալ
ելույթներում հնչեց միասնական տեսակետ հրապարակային քննարկման ու մասնագետների պարզաբանումների օգտակարության մասին:
Այս ամենին զուգահեռ, սակայն, պատգամավոր Աղասի Արշակյանին արժանահավատ չեն թվում գների անկման մասին
տվյալները: Սեփական փորձով նա համոզվել է, որ իրականությունն այլ է, գները թանկանում են: Պատգամավոր Թաթուլ Մանասերյանի գնահատմամբ,
պետք է նախ տնտեսական քաղաքականության առաջնահերթություններն ու կողմնորոշիչները սահմանել, աղքատության կրճատման հիմնահարցը քննարկել: Այլապես ստացվում է` պատճառը թողած, հետեւանքներն ենք քննարկում, ասում է պատգամավորը: Նա նաեւ համաձայն չէ հաշվարկների մեթոդաբանությամբ հետ: Նաեւ` գրանցված տնտեսական աճը
համարում է միայն վերականգնողական աճ: Պրն. Մանասերյանի դիտարկմամբ, նվազագույն սպառողական զամբյուղը չպետք է լինի պարզ ցուցանիշ, դրա հաշվարկման հիմքում պետք է լինեն թե նվազագույն աշխատավարձը եւ թե կենսաթոշակը: Անկախ վերլուծաբան Էդուարդ Աղաջանովը կանխատեսում է, որ գնաճի վերահսկման հարցում ԿԲ-ն այս տարի դժվարություններ է ունենալու` պայմանավորված
ոչ միայն գազի, այլ նաեւ հացահատիկի գնի թանկացմամբ ու աշնանացանի վնասմամբ (Ռուսաստանն արդեն հայտարարել է 7 դոլարով հացահատիկի 1 տոննան թանկացնելու մասին): Ցնցումները նվազագույնի հասցնելու նպատակով նա առաջարկում է պահեստարաններում այս ապրանքատեսակների մեծ պաշարներ հավաքել: ԵՊՀ
տնտեսագիտության ֆակուլտետի դեկան պրն. Սարգսյանն էլ առաջարկում է շարունակական դարձնել այսօրինակ քննարկումները եւ խնդիրներին տալ
համապարփակ
լուծումներ: Նա այն կարծիքին է, որ Հայաստանի տնտեսությունը դեռ
անցումային փուլում է, քանի դեռ հաստատված չեն մրցակցային առողջ պայմաններ: Իսկ գնաճի նպատակադրման քաղաքականության հաջողությունը նա կապում է շուկայի կայացման հետ, երբ իրական աշխատավարձը կպայմանավորի գնաճի մակարդակը:
Եզրափակելով լսումները` ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ հանրությանը պետք էր ներկայացնել «գնաճ» երեւույթը` առանց ավելորդ տերմինաբանության: Պարզել` կա՞ գնաճ, թե՞ ոչ: Այս առումով նա լսումները համարեց կայացած ու հաջողված: