Պետությունը վարչական, դատական ակտերի թղթային ծանուցման համար վճարում է 1 ծրարի դիմաց գրեթե 1 դոլար, սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ թղթային նամակը քաղաքացուն չի հասնում, քաղաքացին պատշաճ չի ծանուցվում, եւ դրանից առաջանում են բացասական իրավական հետեւանքներ: Այս մասին հայտնել է Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանն ապրիլի 4-ին` իր նախաձեռնած Էլեկտրոնային ծանուցման համակարգ ունենալու վերաբերյալ քննարկման ժամանակ, որին մասնակցել են ներկայացուցիչներ գործադիրից, դատական համակարգից ու ոստիկանությունից:
Պատգամավորը տեղեկացրել է նաեւ, որ Էլեկտրոնային ծանուցման համակարգի մասին քննարկումները սկսվել են դեռ 2018թ, սակայն երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված` քննարկումները հետաձգվել են:
ՀՀ ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության պետ Արա Մկրտչյանը, կարեւորելով Էլեկտրոնային ծանուցման անհրաժեշտությունը, նշել է, որ վերջին համապետական ընտրություններին պետությունը թղթային ծանուցման համար տրամադրել է 700 մլն դրամ, ինչը, ըստ նրա, լրացուցիչ ծախս է:
Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների գրասենյակի տնօրեն Լեոնիդ Ավետիսյանի տեղեկացմամբ` այս պահին գործում է ID լուծումը, որը դեռ աշխատանքների փուլում է: Կա նաեւ E-citizen.am հարթակը, որի նպատակը քաղաքացու համար իր անձնական տվյալների ամբողջական հասանելիությունն է մեկ վայրում: Գրանցվելով կայքում` քաղաքացին հնարավորություն է ստանում մշտապես հետեւել պետական տվյալների շտեմարաններում առկա իր անձնական տվյալներին եւ դրանց օգտագործմանը, ծանոթանալ պետական մարմինների կողմից հրապարակված ծանուցումներին, բաժանորդագրվել որոշակի իրավաբանական կամ ֆիզիկական անձանց վերաբերվող պաշտոնական ծանուցումների մասին էլ-փոստով տեղեկացման ծառայությանը:
Լեոնիդ Ավետիսյանի խոսքով` հարթակն այս պահին որոշակի սահմանափակումների պատճառով չի կիրառվում:
Մասնակիցները միակարծիք են` Էլեկտրոնային ծանուցման համակարգ ունենալը 21-րդ դարում անհրաժեշտություն է: Կառավարությունում գործընթացը մեկնարկել է, քննարկվում են էլեկտրոնային ծանուցման տարբերակները: