National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.08.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
04.04.2022
Օրենքի նախագծով առաջարկվում է զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամներին. Հայկ Սարգսյան
1 / 4

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագծով առաջարկվում է զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տալ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամներին՝ անկախ այն հանգամանքից նրանք ընտանիքի միակ արու զավակն են, թե՝ ոչ:

Հեղինակի համար կարեւոր է հաշվի առնել զոհված զինծառայողների ծնողների ծանր հոգեբանական եւ սոցիալական վիճակը, ովքեր չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն եւս ուղարկել զինվորական ծառայության:

Օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 4-ի նիստում:

Հեղինակը լրամշակել է նախագիծը նոր դրույթով. «Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք ունեցող քաղաքացին կարող է իր դիմումի համաձայն հրաժարվել ծառայությունից ազատվելու իրավունքից եւ զորակոչվել պարտադիր զինծառայության»:

Առաջին ընթերցումից հետո ներկայացվել է 4 առաջարկ, որոնք հեղինակի կողմից չեն ընդունվել:

Հայկ Սարգսյանը նշել է, որ գործընկերների առաջարկները չի ընդունել, քանի որ իր հեղինակած նախագծով լուծվելու են սոցիալական ու բարոյահոգեբանական խնդիրներ: Նպատակն այն է, որ զոհված զինծառայողների ընտանիքների մյուս որդիներն ազատվեն զինվորական ծառայությունից:

«Այս տղաները մնալով տանը կաշխատեն եւ կպահեն ընտանիքի անդամներին՝ լուծելով նրանց սոցիալական խնդիրները: Իսկ նրանց տանելով շտաբային ծառայության՝ չեմ կարծում, որ երկրի մարտունակությունն աճելու է»,- ասել է օրինագծի հեղինակը:

Նա անընդունելի է համարել նաեւ «Հայաստան» խմբակցության առաջարկը, որով զոհվածի եղբայրը (եղբայրները) եւ որդին (որդիները) պարտադիր զինվորական ծառայությունն անցնում են ուսումնական գումարտակում` կես տարի (6 ամիս) ժամկետով կամ թիկունքային ոչ մարտական ստորաբաժանումներում:

Հայկ Սարգսյանի խոսքով՝ այսօր բազմաթիվ քաղաքացիներ չեն անցնում զինվորական ծառայություն՝ պայմանավորված կրթության հիմքով եւ 27 տարին լրանալուց հետո ազատվում են ծառայությունից:

Նշվել է, որ հարցը համընդհանուր է. «Եթե զոհված զինծառայողի ընտանիքի անդամին ցանկանում ենք ամեն կերպ տանել զինծառայության, ապա ես առաջարկում եմ կրթության հիմքով ազատվածներին նույնպես զորակոչել: Առաջարկում եմ նաեւ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններին միասին քննարկել, որպեսզի մեկամսյա կամ երկամսյա ծառայության տանենք 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին: Ցանկանում եմ ընդգծել, որ 27 տարին լրացած քաղաքացիները գալիս են մեր երկիր ու ստանում են ՀՀ քաղաքացիություն, սակայն ընդհանրապես չեն ծառայում: Այսինքն՝ տղան ծնվել է ՌԴ-ում, բայց ազգությամբ հայ է, սպասում է, որ իր 27 տարին լրանա, գալիս է Հայաստան եւ ոչ մի օր չի ծառայում»:

Հեղինակի հավաստմամբ՝ աչքաթող ենք անում այնպիսի մեծ ծավալի քաղաքացիների, ովքեր ՀՀ քաղաքացիություն են ստանում՝ ոչ մի օր չծառայելով:

«Եթե այսօր ՀՀ քաղաքացի դառնալը դարձել է մեծ պատիվ ու հնարավորություն մեր շատ քաղաքացիների համար, թող բարի լինեն եւ գան ու թեկուզ մեկ կամ երկու ամիս ծառայեն, համազգեստ հագնեն, ձեռք բերեն բանակային ընկերներ ու դրանից հետո գուցե չլքեն հայրենիքը, հասկանան, որ ՀՀ-ն բոլորիս հայրենիքն է: Ես առաջիկայում այս հարցի վերաբերյալ քննարկումներ կսկսեմ»,- ասել է Հայկ Սարգսյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն առաջարկել էր շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու արտոնություն տալ նաեւ զինծառայության ընթացքում զոհված (մահացած) շարքային կազմի պարտադիր ժամկետային զինծառայողի ընտանիքի անդամներին:

Հայկ Սարգսյանը նշել է որ սկզբունքորեն դեմ չէ, սակայն եթե պաշտպանության նախարարությունը  դեմ է, ինքը կմնա ձեռնպահ:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը կողմ տեսակետ չի ներկայացրել ԱԺ ընդդիմադիր պատգամավորի առաջարկին: Նա նշել է, որ օրենքի նախագծի կարգավորման տիրույթում կա մեկ դրույթ, որով զինծառայությունից ազատվում է ոչ մարտական գործողությունների ժամանակ զոհվածի ընտանիքի անդամը, եթե միակ արու զավակն է:

Հանձնաժողովի ընդդիմադիր անդամներն օրենքի նախագծի գաղափարին եւ բուն նպատակին դեմ չեն արտահայտվել: Կարեւոր է համարվել ԶՈւ-ի բարեփոխումների անհրաժեշտությունը:

Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը կոչ է արել կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ օրինագիծը հոգեբանական մեծ արժեք ունի:

Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Ամբողջական նախագիծը՝ այստեղ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am