Տնտեսության զարգացման ամենակարճ մեխանիզմը մրցակցություն ապահովելն է. ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ արձագանքելով ԱԺ այցելած ուսանողի այն հարցին, թե ըստ պատգամավորի՝ ո՞րն է տնտեսության զարգացման ամենակարճ ճանապարհը:
Ապրիլի 20-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի նախաձեռնությամբ խորհրդարան են այցելել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողները:
Հյուրերը նախ եղել են գրադարանում, այնուհետեւ հանդիպել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանին, Հերիքնազ Տիգրանյանին, Գագիկ Մելքոնյանին:
Սերգեյ Բագրատյանը կարեւորել է ուսանողների հետ քննարկումները՝ նշելով, որ նման հանդիպումները նաեւ փորձի փոխանակման նպատակ ունեն:
«Իմ նպատակն է, որ մենք համադրենք մեր կարծիքները, որպեսզի կարողանանք պետականության առանցքի շուրջ աշխատել»,- ասել է պատգամավորը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ պատգամավորները խորհրդարանում բազմիցս հանդիպել են աշակերտների եւ ուսանողների հետ:
«Հարթակը բաց է, որպեսզի դուք ձեզ հուզող հարցերը տաք, ձեր տեսակետներն ու առաջարկներն արտահայտեք»,- ընդգծել է պատգամավորը:
«Կցանկանայինք, որ հարցուպատասխանի ձեւաչափով լսեինք ձեզ հուզող հարցերը»,- ասել է պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:
Ուսանողները պատգամավորներին հարցեր են ուղղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, հայ-ռուսական հարաբերությունների, Ազատության հրապարակում ընդդիմության նախաձեռնած բողոքի ակցիայի, Հայաստանի տնտեսության, սոցիալական քաղաքականության, կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման միջոցառումների, իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների, համայնքների խոշորացման, ուսուցիչներին տրամադրվող սոցիալական փաթեթի հետ կապված խնդիրների վերաբերյալ:
Հանդիպման ավարտին ուսանողները պատգամավորների հետ լուսանկարվել են ԱԺ նիստերի դահլիճում: