Ապրիլի 21-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանն այցելել են նախարարության ենթակայությամբ գործող Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ: Նրանք խնամքի հաստատությունում ծանոթացել են երեխաների կեցության պայմաններին, առօրյային, շփվել երեխաների հետ:
Տնօինության հետ քննարկվել են մատուցվող ծառայությունների որակն ու դրանց բարելավմանն ուղղված առաջիկա անելիքները, ինչպես նաեւ օրենսդիր եւ գործադիր մարմինների ջանքերի համատեղման կարեւորությունը` ապահովելու երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելելուն ուղղված ծրագրերի իրականացումը:
Ընտանիքում ապրելու երեխայի իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված քաղաքականության շնորհիվ շարունակվելու են իրականացվել երեխաների` շուրջօրյա խնամքի հաստատություններից դուրսբերումը եւ ընտանիքների հետ վերամիավորումը, ինչպես նաեւ ապահովվելու է թիրախային եւ կարիքահենք աջակցության տրամադրումը` այդ նպատակով բարձրացնելով երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոնների գործունեության արդյունավետությունը: