Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով Հայաստան է ժամանել պատվիրակություն նաեւ Իրաքի քրդական ինքնավարությունից` Հեմըն Մամրաշի ղեկավարությամբ: Պատվիրակության կազմում էին ներկայացուցիչներ Դեմոկրատական կուսակցությունից, ինչպես նաեւ ցեղասպանության հարցերով զբաղվող մի շարք մարդասիրական հասարակական կազմակերպություններից:
Ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը եւ Ալխաս Ղազարյանը, հանդիպելով պատվիրակության անդամների հետ, շնորհակալություն են հայտնել նման կարեւոր օրը հայ ժողովրդի կողքին լինելու համար:
Հեմըն Մամրաշը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին ջերմ ընդունելության համար: Դատապարտելով աշխարհում բռնություններն ու ցեղասպանությունները` պատվիրակության անդամները նշել են, որ իրենք ճանաչել են Սինջարի ցեղասպանությունը: Նրանք Ռուստամ Բաքոյանին հրավիրել են Իրաքի քրդական ինքնավարություն` ծանոթանալու քրդերի ցեղասպանությունը հավաստող հավաքագրված փաստաթղթերին: Առաջարկվել է Հայաստանի խորհրդարանում բարձրացնել քուրդ ժողովրդի ցեղասպանության հարցը:
Կողմերը կարեւորել են սերտ համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: