Շրջակա միջավայրի աղտոտման համար վճարվող բնապահպանական հարկի գումարների նպատակային եւ հասցեական օգտագործման գործող համակարգի բարելավումը շարունակական գործընթաց է: «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքն ընդունվել է 2001թ., եւ ժամանակի թելադրանքով հարկ է առաջացել կատարել փոփոխություններ՝ կարգավորումները համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 27-ի նիստում առաջարկվող փոփոխությունները ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
Նշվել է, որ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերի արդյունավետության մակարդակի բարձրացման նպատակով անհրաժեշտ է սահմանել միջոցառումների առավելագույն հնարավոր հստակ ցանկ: Այն հնարավորություն կտա համայնքներին սահմանափակ ռեսուրսներով մշակել եւ իրականացնել առավել նպատակային եւ հասցեական ծրագրեր:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: