Կառավարությունը եւ պետական մարմինները կարող են ընդունել նորմատիվ իրավական ակտեր, եթե դրանք ընդունելու լիազորությունը վերապահված է Սահմանդրությամբ կամ օրենքներով:
Այդ մասին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ասել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 27-ի նիստում:
Փոխնախարարի խոսքով՝ ներկայում գործում են անտառային ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտեր, սակայն բացակայում են օրենքով ամրագրված լիազորող նորմերը: Նշվել է, որ կան նաեւ մշակման ենթակա իրավական ակտեր, որոնց ընդունման համար եւս բացակայում են լիազորող նորմերը:
Գործադիրն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել ՀՀ անտառային օրենսգրքում եւ գործող իրավական ակտերի մասով օրենսգրքում ամրագրել լիազորող նորմերը: Նախատեսվում է լիազորող նորմեր սահմանել նաեւ պլանավորված իրավական ակտերի համար:
Ըստ զեկուցողի՝ նախաձեռնության ընդունմամբ անտառային ոլորտի իրավական ակտերը կհամապատասխանեցվեն Սահմանադրության 6-րդ հոդվածին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: