ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ է ունեցել կառույցում հայկական պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:
«Մեծարգո' նախագահող, հարգելի' գործընկերներ, այսօր ԵԽԽՎ-ում մենք քննարկում ենք, թե ինչպես պաշտպանել ժողովրդավարությունն այս դժվարին ժամանակներում, համաշխարհային համաճարակի օրերին: Հայաստանում իմ քաղաքական կուսակցության համար ժողովրդավարությունը եղել է եւ կլինի առանցքային արժեք: Որպես կուսակցություն, որը 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո կառավարող ուժ է, մենք գիտենք, որ ժողովրդավարությունն այլընտրանք չունի: Ժողովրդավարությունն անվտանգություն է:
ԵՄ-ում իմ գործընկերներից շատերին հարցնում էին, թե ինչպես համաճարակի եւ 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած մարտահրավերներից եւ ճգնաժամերից հետո իմ քաղաքական կուսակցությունը վերընտրվեց: Կարծում եմ` պատասխանը շատ պարզ է. մարդիկ վերընտրեցին ժողովրդավարական արժեքները եւ այն քաղաքական հարթակը, որի քարոզարշավը կառուցված էր երկու հիմնական սկզբունքների վրա` օրենքի գերակայություն եւ տարածաշրջանային խաղաղություն Հարավային Կովկասում:
ԵԽԽՎ-ում մի քանի ամիս առաջ մենք զեկույց ունեինք Հայաստանի եւ մեր բարեփոխումների վերաբերյալ: Մշտադիտարկող հանձնաժողովը ողջունել է Հայաստանի առաջընթացն իր ժողովրդավարական զարգացման գործում 2018թ. ի վեր եւ այն, թե ինչպես ենք մենք դուրս եկել 2020թ. աշնանը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով առաջացած լուրջ ներքաղաքական ճգնաժամից:
Այս ընտրությունները բացառիկ էին Հայաստանի անկախության պատմության մեջ: Նախկինում ավանդույթ էր դարձել մի երեւույթ. ընտրությունները, հատկապես կեղծված լինելու պատճառով, առաջացնում էին ներքաղաքական ճգնաժամեր: Այս անգամ Հայաստանին փաստացի հաջողվեց արդար ընտրությունների միջոցով հաղթահարել ճգնաժամը:
Ցանկանում եմ ավելացնեք մեկ այլ կազմակերպության հետազոտություն, որն իրականացվել է Հայաստանի վերաբերյալ: Ըստ «Varieties of Democracies» զեկույցի` 1980-ականների վերջից Ընտրական դեմոկրատիաների թիվը զգալիորեն աճել է, հատկապես երկու երկրներում, որոնցից մեկը` Հայաստանը, 2021թ. ժողովրդավարական անցումներ է կատարել ընտրական բռնապետությունից դեպի ընտրական ժողովրդավարություն:
Որպես ամփոփում` անցումը դեպի ժողովրդավարություն, նույնիսկ ժողովրդավարության պահպանումը մշտական աշխատանք է, եւ ժողովրդավարական երկրները պետք է աջակցեն միմյանց այս ճանապարհին>>,- եզրափակել է Սոնա Ղազարյանը: