Առաջարկվում է լիազոր մարմնին վերապահել օդերեւութաբանության եւ եղանակի կանխատեսման բնագավառում ծառայություններ մատուցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ռեեստրի վարման իրավասություն: ««Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվող լրացումը պայմանավորված է օդերեւութաբանության եւ եղանակի կանխատեսման բնագավառում անձանց հաշվառման անհրաժեշտությամբ, ԵԱՏՄ շրջանակում ծառայությունների միասնական շուկայի ձեւավորմամբ, շուկայի մասնակիցների վերաբերյալ տվյալների փոխանակմամբ:
Նախագիծը քննարկվել է մայիսի 2-ի ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը տեղեկացրել է, որ նախագծի ընդունումը կապահովի օրենքի ներդաշնակությունը ԵԱՏՄ իրավակարգավորումներին:
«ԵԱՏՄ բոլոր երկրներն այս գործընթացը իրականացրել են: Միակ երկիրը, որը դեռ այդ պարտավորությունը չի կատարել, Հայաստանի Հանրապետությունն է»,- ասել է Գայանե Գաբրիելյանը:
Փոխնախարարի խոսքով` առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են խմբագրական բնույթի փոփոխություններ:
Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն: