ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: «Նշվածից բխում է, որ Կառավարությունը եւ պետական մարմինները կարող են ընդունել նորմատիվ իրավական ակտեր, եթե որոշում ընդունելու լիազորությունը սահմանված է կա՛մ Սահմանադրությամբ, կա՛մ օրենքներով»,- ասել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը՝ «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս:
Փոխնախարարը պարզաբանել է՝ անտառային ոլորտը կարգավորող բազմաթիվ նորմատիվ իրավական ակտեր այժմ գործում են, սակայն օրենսգրքում բացակայում են դրանք լիազորող նորմերը: Կան նաեւ մշակման ենթակա իրավական ակտեր, որոնց ընդունման համար եւս բացակայում են լիազորող նորմերը:
Ակնկալվում է, որ «ՀՀ անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ անտառային ոլորտի իրավական ակտերը կհամապատասխանեցվեն Սահմանադրության պահանջներին:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Դանիելյանը հայտնել է, որ հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:
Նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ-ի՝ մայիսի 3-ին գումարված հերթական նիստում: