Հեռուստատեսությունն ու ռադիոն կարեւոր նշանակություն ունեն բոլոր բնագավառներում հարաբերությունների եւ բովանդակության ձեւավորման մեջ` հասարակական կյանքի վրա ունեցած հսկայական ազդեցությամբ. Ազգային ժողովի մայիսի 3-ի հերթական նիստում իր ելույթի ժամանակ նշել է Գոհար Մամիկոնյանը, ով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում:
Թեկնածուի հավաստմամբ` զանգվածային հաղորդակցման միջոցները վաղուց դարձել են հասարակական կյանքի անբաժան մասը: Գոհար Մամիկոնյանը նաեւ նշել է, որ ԶԼՄ-ները դեմոկրատական համակարգի եւ քաղաքացիական հասարակության կարեւորագույն ինստիտուտներից են եւ ազդում են հասարակական կարծիքի ձեւավորման վրա:
Բանախոսը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում առնչվել են հեռուստատեսության ոլորտին:
Գոհար Մամիկոնյանը պատրաստակամություն է հայտնել իր փորձն ու գիտելիքները ծառայեցնել ոլորտում առկա խնդիրների լուծմանը:
Թեկնածուի կենսագրությունն Ազգային ժողովի հերթական նիստում ներկայացրել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը:
Գոհար Մամիկոնյանը մասնագիտությամբ քաղաքագետ է, հանրային կառավարման մասնագետ: Դասախոսել է ԵՊՀ հանրային կառավարման ամբիոնում: Աշխատել է նաեւ միջազգային կազմակերպությունում: 2021թ. ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության լրացուցիչ եւ շարունակական կրթության վարչության պետն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ:
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ թեկնածուի ընտրության քվեարկությունը տեղի կունենա մայիսի 4-ին: