Անգնահատելի է մարդու առողջությունը: Դուք մարդկանց նոր կյանք եք տալիս. ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն ամերիկահայ բժիշկ-սրտաբան, Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի հիմնադիր-նախագահ Սալբի Ագարակյանի հետ մայիսի 20-ին խորհրդարանում կայացած հանդիպմանը:
ԱԺ պատգամավորը երախտագիտություն է հայտնել Սալբի Ագարակյանին` Իրաքի եւ Հայաստանի` ծագումով եզդի քաղաքացիներին, հատկապես` երեխաներին բուժելու, նրանց լսողությունը վերականգնելու համար:
Նշվել է, որ բարեգործական ծրագրերի շրջանակում համագործակցությունը շարունակական է: «Պատրաստակամ եմ միասին աշխատել եւ օգտակար լինել հիվանդ երեխաներին»,- ասել է Ռուստամ Բաքոյանը:
Շնորհակալություն հայտնելով Ազգային ժողովում հյուրընկալվելու համար` ամերիկահայ բժիշկ-սրտաբանը տեղեկացրել է, որ այս տարվա ընթացքում կվիրահատվի 16 երեխա:
Նա նշել է նաեւ, որ լսողական իմպլանտները եվրոպական երկրներում բավականին թանկ են: Վիրահատությունները կատարվում են Կառավարության, Առողջապահության նախարարության, Էրեբունի հիվանդանոցի եւ Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի աջակցությամբ:
Սալբի Ագարակյանը շեշտադրել է համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը: Նա կարեւորել է 21-րդ դարի զարգացած բժշկական տեխնոլոգիաների ներդրումը մեր երկրի առողջապահական համակարգում:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ ոլորտին առնչվող այլ հարցեր: