National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
24.05.2022
Ռոյալթիի հարկման համակարգը կլինի ավելի արդար ու արդյունավետ
1 / 3

Մետաղական հանքավայրեր շահագործող կազմակերպությունների կողմից վճարվող ռոյալթիների համակարգն ավելի արդար, արդյունավետ եւ մետաղների միջազգային գներին առավել արձագանքող դարձնելու նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հարկային օրենսգրքում եւ «Պետական տուրքի մասին» օրենքում:

Օրենսդրական փաթեթը քննարկվել է մայիսի 24-ի ԱԺ հերթական նիստում:

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2020 թ. աշնանից սկսած մետաղների միջազգային շուկաներում գներն անշեղորեն աճման միտում են դրսեւորում: Այս պարագայում գնահատվող ռոյալթիի գործող համակարգը, ըստ էության, հնարավորություն չի տալիս ոլորտում ձեւավորվող նոր արժեքն արդարաբար բախշել Կառավարության եւ տվյալ ոլորտը ներկայացնող տնտեսվարող սուբյեկտների միջեւ:

«Եղած համակարգի պայմաններում գների բարձրացման հիմնական շահառուն համարվում է ոլորտը ներկայացնող կազմակերպությունների խումբը»,- նշել է փոխնախարարը: Խնդրին արագ ու իրավիճակային լուծում տալու համար 2021 թ. սեպտեմբերից ներդրվել է խտահանքի եւ մոլիբդենի արտահանման համար նախատեսված պետական տուրքի համակարգը՝ հիմք ունենալով արտահանման ծավալները եւ յուրաքանչյուր տոննայի համար նախատեսված պետական տուրքի համար սահմանված դրույքաչափերը:

Արման Պողոսյանի խոսքով՝ լուծումը տվել է ցանկալի արդյունք, սակայն, այդուամենայնիվ, պետական տուրքի ներդրված համակարգը չի կարող բնութագրվել որպես երկարաժամկետ, որովհետեւ այն որեւէ կերպ կախված չէ կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներից եւ, ըստ էության, հաշվի չի առնում ե՛ւ մետաղների գները, ե՛ւ ոլորտի կազմակերպությունների կողմից կատարվող ծախսերը, հետեւաբար, նաեւ կազմակերպությունների շահութաբերությունները:

Ուստի, օրենսդրական փաթեթով առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից դադարեցնել պղնձի եւ մոլիբդենի խտահանքի, ինչպես նաեւ մոլիբդենի արտահանման պետական տուրքի կիրառությունը՝ պահպանելով ներկայում գործող ռոյալթիի համակարգի հիմքում դրված ընդհանուր սկզբունքները՝ համակարգը դարձնելով ավելի պրոգրեսիվ: Մասնավորապես, առաջարկվում է ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման բանաձեւը վերանայել այնպես, որ մինչեւ 10 տոկոս շահութաբերության պայմաններում ռոյալթի վճարող կազմակերպությունների մոտ ռոյալթիի գծով հարկային բեռի բարձրացում չլինի:

Ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման գործող բանաձեւում պետք է լրացվի 10 տոկոսից բարձր շահութաբերության պայմաններում հաշվարկվող լրացուցիչ բաղադրիչ, որի արդյունքում կհաշվարկվի հավելյալ ռոյալթի` 15 տոկոս դրույքաչափով:

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ նախագիծը քննարկման երկար ճանապարհ է անցել. ոլորտը ներկայացնող տնտեսվարող սուբյեկտների հետ անցկացվել են աշխատանքային քննարկումներ:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Հանձնաժողովի փոխնախագահը նշել է, որ հանքարդյունաբերական ընկերությունները շահութահարկից բացի միաժամանակ վճարում են նաեւ ռոյալթի: «Նախորդ տարվանից պղնձի գների աճմանը զուգահեռ կանխավարկած կար, որ հանքարդյունաբերական ընկերությունները բավականին բարձր շահույթներ են ունենում, եւ դրանք արդարացի բաշխելու համար ներդրվել է արտահանման տուրքը, որը սակայն որոշակի խնդիրներ է պարունակել»,- ասել է նա: Պատգամավորի խոսքով՝ բացի այդ, նախապես հայտարարվել է, որ արտահանման տուրքը ժամանակավոր բնույթ է կրելու: «Ընդհանրապես այդ տուրքերը՝ որպես հարկատեսակ օգտագործելու պրակտիկայից պետք է կամաց-կամաց հրաժարվել»,- ընդգծել է պատգամավորը:

Ուստի, օրենսդրական փաթեթով հանվում է արտահանման տուրքը, փոխարենը՝ ընկերությունը վճարում է շահութահարկի տուրքը եւ ռոյալթի, ինչպես նախկինում, սակայն սահմանվում է շահութահարկի որոշակի շեմ, որը գերազանցելու պարագայում ընկերությունը կվճարի նաեւ գերազանցածի չափով:

Պատգամավորը հույս է հայտնել, որ օրենսդրական փաթեթը վերջնական ընդունելուց հետո կլինի մի կարգավորում, որը երկար ժամանակ փոփոխությունների չի ենթարկվի:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am