Մայիսի 24-ին ԱԺ հերթական նիստում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:
Հաշվետվությունը, ըստ Մարտին Գալստյանի, ներառում է երկու փաստաթուղթ՝ 2022 թ. 1-ին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի հաղորդում եւ 2021 թ. 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաղորդում:
ԿԲ նախագահի խոսքով՝ 2021 թ. համար կանխատեսվել էր ցածր տնտեսական ակտիվություն եւ թույլ պահանջարկի միջավայրի պահպանում՝ հիմնականում հիմնավորված աշխարհում կորոնավիրուսի շարունակվող տարածման, տնտեսական հեռանկարների հարցում կուտակված մեծ անորոշության ազդեցություններով:
«Տարվա ընթացքում ինչպես գործընկեր երկրներում, այնպես էլ Հայաստանում դիտվել է տնտեսական ակտիվության եւ ամբողջական պահանջարկի սպասվածից ավելի արագ տեմպերով վերականգնում, դրանց առանձին դեպքերում ընթացել է արտադրական կարողությունների ընդլայնում՝ համեմատաբար թույլ տեմպերով, ինչը լրացուցիչ գնաճային ճնշումներ է ավելացրել տնտեսություններում»,- նշել է Մարտին Գալստյանը:
Զեկուցողի խոսքով՝ տարվա երկրորդ կեսին առավել նշանակալի էր ներքին ծառայությունների ոլորտում արտաքին պահանջարկի գործոնների ազդեցությունը՝ պայմանավորված սպասվածի համեմատությամբ զբոսաշրջության ավելի բարձր տեմպերով:
«Միաժամանակ, աշխարհում գնաճային միջավայրի ընդլայնումն արտահայտվել է մեր հասարակության գնաճային սպասումների ավելացմամբ, որին նպաստել է ընթացիկ կարգավորվող ծառայությունների գների ակնկալվող փոփոխությունների ազդեցությունը»,-ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Գնաճային նման զարգացումների ներքո Կենտրոնական բանկը տարվա ընթացքում շարունակել է վարել դրամավարկային պայմանների խստացման քաղաքականություն՝ այդ ընթացքում բարձրացնելով տոկոսադրույքը ընդհանուր հաշվով 2,5 տոկոսային կետով, որի արդյունքում, տարեվերջին գնաճը սկսել է նվազել եւ 2021 թ. դեկտեմբերին կազմել է 7,7 տոկոս:
Կենտրոնական բանկի տարեկան հաղորդումն ամբողջական այստեղ:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն իր ելույթում ընդգծել է, որ Կենտրոնական բանկի գործողությունների ու միջամտությունների շնորհիվ է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների շարքում Հայաստանը միակ երկիրն է, որը երկնիշ գնաճ չունի: