Մայիսի 25-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները:
Պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Լիլիթ Մինասյանի հեղինակած ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծում փոփոխություններ չեն կատարվել եւ առաջարկել է հանձնաժողովին այն դրական եզրակացության արժանացնել:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը նշել է, որ Կառավարությունն առաջարկել էր դիտարկել լրագրողին հավատարմագրած պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը դադարեցնելու հիմքերն օրենքով նախատեսելու հարցը, որն արդեն ընդունվել է հեղինակների կողմից եւ ընդգրկվել նախագծի լրամշակված տարբերակում:
Կառավարության հեղինակած երկրորդ ընթերցմամբ քննարկվող ««Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծում առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ եւս չեն եղել:
Քննարկված նախագծերը ստացել են դրական եզրակացություն:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում Կառավարության նախաձեռնած փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում: Նպատակն է թեթեւացնել Հակակոռուպցիոն կոմիտեում առկա գործերի ծանրաբեռնվածությունը: Առաջին ընթերցումից հետո գրավոր առաջարկներ չեն ներկայացվել:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ Կառավարությունն առաջարկ է ներկայացրել անցումային դրույթներում, որով օրենքի գործողությունը տարածվելու է ոչ միայն դրա ուժի մեջ մտնելուց հետո հարուցված քրեական գործերի, այլ անցումային ժամանակահատվածում` նաեւ ընթացիկ գործերի նկատմամբ:
Հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենքի նախագիծը լրամշակվել է, կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ:
Նշենք, որ օրենսդրական փաթեթի ընդունումը թույլ կտա համայնքներին տարեկան բյուջեի նախագծի կազմման ժամանակ առաջնորդվել արդեն իսկ կազմված միջնաժամկետ ծախսային ծրագրերով` առաջիկա տարվա համար հաստատված հաշվարկներով եւ հիմնավորումներով:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի ներկայացմամբ՝ հանձնաժողովը քննարկել է «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` երկրորդ ընթերցմամբ:
Փոխնախարարի խոսքով՝ օրինագծում կատարվել են միայն տեխնիկական բնույթի որոշակի փոփոխություններ:
Հանձնաժողովը քննարկված նախագծերին տվել է դրական եզրակացություն: