Սա համակարգային նշանակություն ունեցող փաստաթուղթ է եւ թույլ կտա ներդաշնակեցնել համայնքների հնգամյա զարգացման ծրագրերը, որոնք տեղական ինքնակառավարման մարմինների համար գաղափարական եւ քաղաքական հիմքն են. ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով ««ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Քննարկումը տեղի է ունեցել մայիսի 25-ի հերթական նիստում:
Հիմնական զեկուցողը նշել է, որ բովանդակային առումով խնդիրը վերաբերում է համայնքային բյուջետավորման գործընթացում միջնաժամկետ ծախսային ծրագրի գաղափարին, եւ այն որպես փաստաթուղթ ներմուծմանը: «Պետական բյուջեի մակարդակով միջնաժամկետ ծախսային ծրագիր ունենալուն զուգահեռ, թերեւս տրամաբանական կլիներ, որ ֆինանսական հոսքերի նման կարճաժամկետ պլանավորում ունենայինք նաեւ համայնքային բյուջեների մակարդակում: Սակայն, մինչ այժմ ձեռնպահ ենք մնացել, որովհետեւ համայնքներն իրենց չափերով, բյուջեների մեծությամբ եւ ունակություններով միշտ չէ, որ համաչափ էին»,- ասել է Վաչե Տերտերյանը:
Ըստ գործադիրի` արդեն իսկ իրականացված բարեփոխումների արդյունքում, ունենք համադրելի եւ համաչափ համայնքներ, ունակություններ եւ բյուջեներ, եւ հնարավոր է դարձել միջնաժամկետ ֆինանսական պլանավորում ունենալ նաեւ համայնքներում: Գործընթացը կլինի զուգահեռ եւ համահունչ: Տարեսկզբին բյուջետային համակարգի մասին նկարագրված ժամանակացույցով կկարգավորվեն նաեւ համայնքների համար անհրաժեշտ ելակետային տվյալները եւ Կառավարության` միջնաժամկետ ծախսային ծրագիրն ԱԺ-ին ներկայացնելու պահից սկսած` մեկ ամսում համայնքները կունենան իրենց միջնաժամկետ ծախսային ծրագրերը: Ծրագրերի մշակումը համայնքներում կսկսվի այս տարի, որպեսզի 2023 թ. դրանք արդեն առկա լինեն? Մինչեւ օգոստոսի 10-ը Ֆինանսների նախարարությունը կմշակի մեթոդական ուղեցույցները, որոնք կտրամադրվեն համայնքներին: Իսկ համայնքները մինչեւ սեպտեմբերի 10-ը կունենան միջնաժամկետ ծախսային ծրագրերը:
Նախագծերի փաթեթը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Այն ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը: Տեղեկացվել է, որ կատարվել են միայն տեխնիկական փոփոխություններ:
Գլխադասային` Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն: Այս մասին ասել է պատգամավոր Արեն Մկրտչյանը:
Պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի եւ Լիլիթ Մինասյանի հեղինակած ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը եւս քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:
Արթուր Հովհաննիսյանի խոսքով` առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը չի փոփոխվել: Համահեղինակը նշել է, որ լրագրողական կազմակերպությունների հետ ձեւավորվել է լավ համագործակցություն, որի շրջանակում Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի գործընկերների հետ համատեղ հնարավոր կլինի ավելի բարելավել ԶԼՄ օրենքը:
Գլխադասային` Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը:
Այնուհետեւ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի ներկայացմամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողի տեղեկացմամբ` Կառավարության առաջարկով օրենքի գործողությունը կտարածվի ոչ միայն դրա ուժի մեջ մտնելուց հետո հարուցված քրեական գործերի, այլ նաեւ` ընթացիկ գործերի նկատմամբ:
Հարակից զեկույցում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են նաեւ Կառավարության հեղինակած «Կրթության մասին» օրենքում կատարվող լրացումը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հիշեցրել է, որ նախագիծը միտված է քրեակատարողական հիմարկներում այս պահին պատիժը կրող դատապարտյալների համար կրթական գործընթացներին մասնակցելու հնարավորության ընդլայնմանը: Առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը չի փոփոխվել:
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
Քննարկված նախաձեռնություններն ընդունվել են երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: