ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել Նիկոսիայում կայացած ԵԱՀԿ ԽՎ «Կոռուպցիայի դեմ պայքար, ժողովրդավարության պաշտպանություն. ազգային խորհրդարանների դերը» թեմայով միջազգային կոնֆերանսում:
Պատգամավորը նշել է.
«Հարգելի' գործընկերներ, կցանկանայի շնորհակալություն հայտնել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատին այս համաժողովի կազմակերպման համար եւ մեր զեկուցողներին` իրենց դիտարկումների համար:
Ինչպես նշեց տիկին Խարալամբիդեսն իր ողջույնի խոսքում, սա մի հարթակ է, որտեղ ներկայացվում են լավ փորձառությունները: Կցանկանայի խոսել վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում իրականացվող կոռուպցիայի դեմ մղվող պայքարի մասին:
2018 թ. Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո երկրի ժողովրդավարական եւ անվտանգային բարեփոխումների օրակարգում կոռուպցիայի դեմ պայքարը նոր կառավարության առանցքային առաջնահերթություններից է եղել: 2018 եւ 2021 թթ. տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանները, անշուշտ, կարեւոր դեր են խաղացել կոպուպցիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ շրջանակի ստեղծման եւ օրենսդրության մշակման գործում:
Մեր քաղաքականության հաջողությունն արտահայտվել է Թրանսփերենսի Ինթերնեյշնլի վերջերս հրապարակած «Կոռուպցիայի ընկալման ցուցիչը» զեկույցում: Զեկույցում նշված է. «Հայաստանը Կոռուպցիայի ընկալման ցուցիչի հարցում հաջողություն է գրանցել վերջին հինգ տարիներին` 2017 թ. իր դիրքը բարելավելով 14 կետով: 2018 թ. զանգվածային բողոքի ցույցերը հեռացրին արմատավորված քաղաքական վերնախավին` իշխանության բերելով բարեփումների հակված կառավարության: Դրանից հետո Հայաստանն ընդլայնել է քաղաքացիական ազատությունները` ճանապարհ հարթելով ավելի կայուն քաղաքացիական ներառականության եւ հաշվետվողականության համար»:
Կցանկանայի մանրամասնել, թե ինչն է հնարավոր դարձրել ինստիտուցիոնալ եւ քաղաքականությունների մշակման տեսանկյունից այս գնահատականին արժանանալը:
Առաջին, 2020 թ. Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունը կոռուպցիան մատնանշել է որպես ազգային անվտանգության սպառնալիք:
Երկրորդ, 2019 թ. Հայաստանի կառավարությունն ընդունել է Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը: Այն ունի 3 գլխավոր ուղղություն` կուռուպցիայի կանխում, կոռուպցիայի հակազդեցություն եւ հանրային իրազեկման բարձրացում:
Որպես նշանակալից քայլ կոռուպցիայի կանխման հարցում` 2019 թ. ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Սա անկախ մարմին է, որի անդամներն ընտրվում են խորհրդարանի կողմից, սակայն թեկնածուներն անցնում են խիստ մրցակցային մրցույթի ընթացակարգով: Պետական պաշտոնյաների եւ նրանց ազգականնների բավականին լայն շրջանակ իրենց եկամուտի եւ սեփականության վերաբերյալ հանձնաժողովին ներկայացնում են մանրամասն տարեկան հայտարարագիր: Սկսած 2022 թ. հունվարից` պետական պաշտոնյաներն իրենց տարեկան ծախսերի վերաբերյալ նույնպես ներկայացնում են հայտարարագրեր: Սկսած այս տարվանից` նաեւ քաղաքական կուսակցություններն են պարտավոր ներկայացնել հայտարարագրեր: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նաեւ ստուգում է դատավորների թեկնածուների բարեվարքությունը:
Կոռուպցիայի կանխարգելման նպատակով նոր ինստիտուտներ են ստեղծվել, որոնցից մեկը Հակակոռուպցիոն կոմիտեն է: Կոմիտեի նախագահը եւ քննիչները ընտրվում են մրցույթով, նրանք նույնպես անցնում են բարեվարքության ստուգման ընթացակարգով:
Ստեղծվում է նաեւ Հակակոռուպցիոն դատարանը, եւ շուտով մենք կունենանք կոռուպցիոն գործերով զբաղվող մասնագիտացված դատավորներ:
Դատախազությունում ստեղծվել է մի նոր հակակոռուպցիոն ստորաբաժանում, որի դատախազների թեկնածուները նույնպես անցնում են բարեվարքության ստուգման ընթացակարգով եւ ընտրվում են մրցույթով:
Այսպիսով, Հայաստանն արդեն ստեղծել է ինստիտուտների մի ամբողջական շղթա, որն ուսումնասիրում եւ պայքարում է կոռուպցիայի դեմ` հետաքննությունից մինչեւ դատարանի վճիռներ: Այս բարեփոխումները վստահություն են ներշնչում, որ այսպիսի ինստիտուցիոնալ կարողություններով ու քաղաքական կամքով առաջիկա տարիներին կոռուպցիայի դեմ պայքարում մեր հաջողությունները կամրապնդվեն»,- եզրափակել է Սարգիս Խանդանյանը: