Նիկոսիայում կայացած ԵԱՀԿ ԽՎ «Կոռուպցիայի դեմ պայքար, ժողովրդավարության պաշտպանություն. ազգային խորհրդարանների դերը» թեմայով միջազգային կոնֆերանսում ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը:
Իր ելույթում նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի' գործընկերներ, ես միանում եմ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատին ուղղված երախտագիտության խոսքերին` մեզ այստեղ հյուրընկալելու համար: Շնորհակալ եմ:
Գործընկերս` Սարգիս Խանդանյանը, խոսեց կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի ընդհանուր առաջընթացի մասին: Այդ առումով «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը Հայաստանին չեմպիոն է որակավորել` հենվելով վերջին տարիների առաջընթացի վրա: Սա, իհարկե, մի կողմից ցույց է տալիս, թե որքան վատն է եղել մեր մեկնարկային կետը մի քանի տարի առաջ, սակայն այն, անշուշտ, նաեւ ցույց է տալիս կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի ներկայիս կառավարող ուժի վճռականությունը: Կցանկանայի առանձնացնել մեկ օրենսդրական փոփոխություն, որը կատարել ենք 2020 թ. գարնանը: Երկու տարի առաջ մեր խորհրդարանն ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենք, որի շնորհիվ ներկայում ուսումնասիրվող, քննության փուլում գտնվող մոտ 300 գործ կա, որից մոտ տասը մտել է դատարան:
Դրանք, ընդհանուր առմամբ, կազմում են 125 միլիոն եվրոյին համարժեք պոտենցիալ անօրինական ակտիվներ: Սա, իհարկե, նախեւառաջ տպավորիչ է հայ հանրության համար, սակայն այս օրենքի ընդունման եւ կիրառման կարեւոր մասը ոչ այնքան մեխանիզմն է, որքան այն հնարավորությունը, որ վերջինս ընձեռում է ապօրինի ունեցվածքի մեջ մեղադրվող կողմին: Այն թույլ է տալիս ապօրինի ունեցվածքի մեջ մեղադրվող կողմին բանակցել պետության հետ եւ կամավոր հիմունքներով վերադարձնել ապօրինի ակտիվները` այդպիսով նաեւ հնարավորություն ունենալով պահել դատարանում վիճարկվող գումարի մինչեւ 25 տոկոսը:
Այս օրենքը ոչ թե քրեական, այլ վարչական պատասխանատվություն է ենթադրում, որը նպաստում է այս գործընթացի արագացմանը:
Մեր քննարկման քաղաքական բաղադրիչում Իրենեն խոսեց քաղաքական կամքի մասին` որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորագույն բաղադրիչ: Ես կիսում եմ այդ դիրքորոշումը եւ կարծում եմ` պետք է ձգտենք հասնել նրան, որ կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կամքն ավելի ու ավելի քիչ դեր խաղա, եւ փոխարենը լինեն ավելի ու ավելի շատ ինստիտուցիոնալ հնարավորություններ եւ մեխանիզմներ, որոնք կփոխարինեն մեր անհատական քաղաքական կամքին` դրանով հարատեւ փոփոխություններ կատարելով կոռուպցիայի դեմ պայքարի մեր ճանապարհին»,- եզրափակել է պատգամավորը: