Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ հունիսի 15-ին քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Հռիփսիմե Գրիգորյանի եւ Արփինե Դավոյանի հեղինակած ««Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ չեն եղել, ուստի նախագիծն անփոփոխ է մնացել:
Փոփոխությունների ընդունման արդյունքում «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը կհամապատասխանեցվի 2015 թ. կատարված սահմանադրական փոփոխություններով ամրագրված կանոնակարգումներին: Նախագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եւ Կառավարության եզրակացությունները դրական էին:
Տեղի ունեցած քվեարկությունների արդյունքում խորհրդարանն ընդունել է երեկ եւ այսօր քննարկված օրինագծերը:
ՀՀ օրհներգի հնչյունների ներքո խորհրդարանն ավարտել է ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքները: