Ազգային ժողովը հուլիսի 6-ին Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել: Օրակարգում ընդգրկված է 23 օրենսդրական նախաձեռնություն: ԱԺ որոշմամբ` օրակարգում ընդգրկված մի շարք նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ նախաձեռնության ընդունումը պայմանավորված է «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն», «Հանրապետական անձավաբուժական կենտրոն», «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ներին իրենց գործունեության ուղղությունը փոխելու հնարավորություն ընձեռելու եւ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից» «Նեւրոզների կլինիկա» ՓԲԸ-ն հանելու անհրաժեշտությամբ: Վերոնշյալ բժշկական կենտրոններից այս պահին գործում է միայն «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն, որը նախատեսվում է ներառել բազմապրոֆիլ բժշկական կենտրոններում՝ որպես առանձին ծառայություն: «Նեւրոզների կլինիկայի» գործունեությունը նախատեսվում է տեղափոխել «Ավան հոգեկան առողջության կենտրոն»: Այդ նպատակով Կառավարությունն արդեն հատկացրել է ֆինանսական միջոցներ՝ վերազինելու եւ վերանորոգելու համար այդ հաստատության համապատասխան բաժանմունքը: Նախարարի տեղեկացմամբ՝ առաջիկայում նախատեսվում է ամբողջությամբ վերանորոգել «Ավան հոգեկան առողջության կենտրոնը»:
Առողջապահության նախարարը կարծում է, որ փոփոխությունների արդյունքում կբարելավվի մատուցվող ծառայությունների որակը:
Ի պատասխան պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցի՝ Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ պատշաճ մասնագիտական որակ ունեցող աշխատակիցներն աշխատանքի խնդիր չեն ունենա. նրանք կտեղափոխվեն նոր կենտրոն: Բացի այդ, ըստ նախարարի՝ բժշկական որոշ կենտրոններ այսօր որակյալ բուժքույրերի եւ բժիշկների կարիք ունեն:
Նախագծին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: