Հուլիսի 7-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 8 արձանագրությունը, ըստ որի` մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Կարեն Հակոբի Սարուխանյանին:
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ԱԺ կազմը համալրած պատգամավոր Կարեն Սարուխանյանը երդվել է:
Այնուհետեւ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Այն ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում պատգամավորները չեն ներկայացրել գրավոր առաջարկներ:
Հարակից զեկույցում Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյանը բարձրաձայնել է, որ գլխադասային հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ Կառավարությունը ներկայացրել է տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են: Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացմամբ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
«Այս նախագծի երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվելու պարագայում մենք կկարողանանք նաեւ բնակարանով ապահովել սահմանապահ զորքերի այն սպաներին, ովքեր սովորել են մեր ռազմաուսումնական հաստատություններում եւ պետության հետ կնքել են 20-ամյա ծառայության պայմանագիր»,- ընդգծել է նախարարը: Նա տեղեկացրել է, որ այս պահին Պաշտպանության նախարարության բնակարանային հաշվառման հերթացուցակում ընդգրկված է 1188 զինծառայող եւ 805 զինվորական կենսաթոշակառու. ընդհանուր առմամբ` 1993 զինծառայողի մասով կան նախկինից չմարված պարտավորություններ:
Սուրեն Պապիկյանի խոսքով` Կառավարությունը հետեւողական է լինելու թե' նախկինից ժառանգած պարտավորությունների կատարման, թե' որպես շահառու չգրանցված գործող սպաների կարիքները հիպոտեկային արտոնյալ վարկավորմամբ կարգավորելու հարցերում:
Գլխադասային` Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այս մասին ասել է հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Այն նույնպես ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փոփոխությունների չի ենթարկվել:
Հարակից զեկուցմամբ հանդես է եկել Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը: Նա նշել է, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն եւ կոչ է արել կողմ քվեարկել:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվող Կառավարության հեղինակած ««Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախագծերի վերաբերյալ առաջարկություններ չեն ստացվել:
Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի ներկայացմամբ` երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է ««Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Առաջին ընթերցմամբ քննարկվելուց հետո պատգամավորների կողմից առաջարկներ չեն ներկայացվել: Օրենսդրական փաթեթը լրամշակվել է Կառավարության առաջարկով:
Ֆինանսների նախարարի տեղակալի խոսքով` առաջին ընթերցմամբ քննարկվել եւ հաստատվել է այն մոտեցումը, որ այսուհետեւ թանկարժեք մետաղների ու քարերի գործակալությունը կլինի Ֆինանսների նախարարության առանձին ստորաբաժանման մեջ, եւ գործառույթներն ու խնդիրները կիրականացվեն նախարարության ընդհանուր ստորաբաժանման միջոցով: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո Կառավարությունն առաջարկել է վերոնշյալ գործակալության փորձաքննություններն իրականացնել Կառավարության սահմանած կարգով:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով: Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը լրամշակվել է: Առաջարկներ էին ներկայացրել թե' պատգամավորները, թե' Կառավարությունը. դրանց մեծ մասն ընդունվել է: ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը փաթեթի վերաբերյալ դրական է:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով: Հիմնական զեկուցող, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը ներկայացրել է օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը: Նշվել է, որ պատգամավորների կողմից օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն եղել:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ պատգամավորներն առաջարկներ չեն ներկայացրել: Նախագիծը լրամշակվել է հեղինակի կողմից: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը, ներկայացնելով ««Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, նշել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, այն փոփոխությունների չի ենթարկվել:
ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի ներկայացմամբ երկրորդ ընթեցմամբ քննարկվել է ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Զեկուցողի խոսքով` առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը ներկայացրել է առաջարկներ, կատարվել են տեխնիկական փոփոխություններ:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փոփոխությունների չի ենթարկվել նաեւ ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նույնպես քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Նախագծին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը խորհրդարանին է ներկայացրել ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փոփոխությունների չի ենթարկվել:
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասինե օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանի ներկայացմամբ: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենսդրական փաթեթի վերաբերյալ պատգամավորներից առաջարկներ չեն եղել:
Կառավարությունն առաջարկել է օրենքի 35-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, ինչը, ըստ հիմնական զեկուցողի, առավել համահունչ կլինի դատապարտյալների մասով որդեգրված կարգավորմանը: Առաջարկն արժանացել է գլխադասային հանձնաժողովի հավանությանը:
Կառավարության հեղինակած ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ստացվել:
Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է նաեւ ԱԺ ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփինե Դավոյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո այն փոփոխության չի ենթարկվել: Նախագծին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
Դրական էր նաեւ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կարծիքը:
Այնուհետեւ տեղի են ունեցել քվեարկություններ: Պատգամավորներն ընդունել են երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:
Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: