Ներքին գործերի նախարարությունը վերականգնելով՝ մենք միանգամից կլուծենք մի քանի կարեւոր խնդիր: Կսահմանվեն Ներքին գործերի նախարարության հստակ գործառույթները, կներդրվի կադրերի պատրաստման նոր համակարգ: Ներքին գործերի նախարարությունը, փաստորեն, կդառնա ոլորտային ներքին քաղաքականություն մշակող մարմին: Ուժային կառույցների նկատմամբ ժողովրդավարական վերահսկողություն իրականացնելը խորհրդարանական կառավարման մոդելով առաջնորդվող երկրների կարեւոր սկզբունքներից մեկն է: Ներքին գործերի նախարարության ստեղծման ճանապարհով մենք ոչ միայն կառույցն ավելի վերահսկելի կդարձնենք, այլեւ կնպաստենք դրա թափանցիկ գործելաոճին եւ հաշվետվողականության ավելացմանը: Այս եւ այլ բազմաթիվ փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ մի կողմից համակարգում ծառայության անցնելը կդարձնենք ավելի գրավիչ, իսկ մյուս կողմից էլ՝ մեր պետության ներքին անվտանգային միջավայրն ավելի կառավարելի կդառնա: Այս մասին ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հուլիսի 12-ին «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ժամանակ:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրերի՝ անվտանգության ոլորտին վերաբերող բարեփոխումների հատվածում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ոստիկանության ռեֆորմները՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման առաջնահերթությամբ: Այս համատեքստում նա ընդգծել է Պարեկային ծառայության ստեղծումը, որն արդեն արդյունավետ գործում է մայրաքաղաքում եւ որոշ մարզերում:
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ վերջին տարիների ընթացքում Ոստիկանության, Արդարադատության նախարարության եւ միջազգային կառույցների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ուրվագծվել են նոր ստեղծվելիք ՆԳՆ-ի ինստիտուցիոնալ եւ ֆունկցիոնալ առանձնահատկությունները: Իսկ լսումների նպատակն էլ հանրությանն այդ կարեւոր բարեփոխումներին մասնակից դարձնելն է:
Օրենսդրական փաթեթի մշակմանն աջակցելու համար հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել միջազգային կառույցների գործընկերներին:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նույնպես կարեւորել է խորհրդարանական լսումները՝ ընդգծելով, որ նոր նախարարության ստեղծումը շատ կարեւոր եւ մեծ քայլ է իրավապահ համակարգի համար: «Այն կոնցեպտը, որը ձեզ ներկայացվելու է, լիովին նոր նախարարության, նոր հայեցակարգի մոտեցում է, որտեղ ոստիկանությունը պարզապես չի անվանափոխվելու՝ անվանվելով ՆԳՆ: Ոստիկանությունը, իհարկե, պահպանելու է իր շատ կարեւոր դերակատարումը, բայց ոստիկանությունը լինելու է սիրտը, մի կարեւոր մասը քաղաքացիական կառույցի, քաղաքացիական կառավարման, քաղաքական կառավարման, որը լինելու է նոր Ներքին գործերի նախարարությունը»,-ասել է նա: Նախարարն աջակցության համար շնորհակալական խոսքեր է հղել միջազգային փորձագետներին, մասնավորապես, ԱՄՆ-ի, ԵՄ-ի գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:
Կարեն Անդրեասյանը հայտնել է, որ 10-օրյա ժամկետում առաջարկների հիման վրա նախատեսում են լրամշակել օրենսդրական փաթեթը, իսկ սեպտեմբերին այն ներկայացնել խորհրդարանի քննարկմանը: