ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը եւ տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը հուլիսի 22-ին հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Էդուարդ Աղաջանյանը կարեւորել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակության հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների եւ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Ըստ նրա՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են արդի տարածաշրջանային խնդիրները, մասնավորապես, հետպատերազմյան ժամանակահատվածում հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում զարգացումները, դրանց զուգորդող խնդիրները, լուծումների ուղիները, ինչպես նաեւ հայ ռազմագերիների վերադարձին, պատմամշակութային ժառանգության պահպանմանն առնչվող եւ բազմաթիվ այլ հարցեր:
Էդուարդ Աղաջանյանի հավաստմամբ՝ արձանագրվել է Եվրոպական խորհրդարանի դրական գործունեությունը եւ ազդեցությունը տվյալ գործընթացների վրա, մասնավորապես, նշվել եւ առանձնացվել են կոնկրետ հայտարարություններ եւ բանաձեւեր, որոնք առնչվում են հայկական մշակութային ժառանգությանը Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանում պահվող ռազմագերիներին առնչվող հայտարարությանը Եվրախորհրդարանի կողմից: Հայկական կողմը արձանագրել է դրանք եւ շնորհակալ է եվրոպացի գործընկերներին այս սկզբունքային եւ օբյեկտիվ դիրքորոշման համար:
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերը նույնպես կարեւորել է տեղի ունեցած հանդիպումները, շեշտադրել է դրանց ընթացքում քննարկված հարցերի կարեւորությունը: Նա նաեւ ընդգծել է Եվրախորհրդարանի ակտիվ դերակատարությունը տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներում:
Դեյվիդ Մքալիսթերը հիշեցրել է, որ Եվրախորհրդարանը երկու երկրներին կոչ է արել վերադարձնել ռազմագերիներին:
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահը նաեւ նշել է, որ Եվրախորհուրդը ցանկացած դեպքում կշարունակի կապի մեջ լինել հայ գործընկերների հետ:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ հայկական կողմի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերություններում չի փոխվել, եւ որեւէ նախապայման հայկական կողմի համար անընդունելի է: