Հայաստանում ստանդարտացման գործունեության իրավական հիմքերը եւ դրա մասնակիցների իրավասությունները, ինչպես նաեւ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման եւ կիրառման սկզբունքները կանոնակարգվում են ՀՀ «Ստանդարտացման մասին» օրենքով: Հաշվի առնելով ոլորտի նոր զարգացումները, ինչպես նաեւ վերջին մարտահրավերները, օրենքով կարգավորվող գործընթացները, կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերը՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել մի շարք հոդվածներ՝ ապահովելով ներկա փուլում արձանագրված ոլորտային թերությունների կամ խնդիրների կարգավորումը, ոլորտի արդիականացումը, նոր իրավակարգավորումների սահմանումը: Այս մասին սեպտեմբերի 12-ի ԱԺ նիստում ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով «Ստանդարտացման մասին» օրենքում գործադիրի առաջարկած փոփոխությունները եւ լրացումները:
Հարցը խորհրդարանը քննարկել է առաջին ընթերցման ընթացակարգով:
«Գործող օրենքի կարգավորման համաձայն՝ ստանդարտացման ամենամյա ծրագիրը ներառել է նաեւ պետական ամենամյա ծրագիրը, ինչը նախագծով վերանայվել է եւ տարանջատվել»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ օրենքը լրացվել է նոր հասկացություններով՝ «հիմնադրական ազգային ստանդարտ», «այլ պետության ազգային ստանդարտ», «ստանդարտացման տեխնիկական խորհուրդ»: Նաեւ հստակեցվել են օրենքի «ստանդարտացման ամենամյա ծրագիր», «տեխնիկական պայմաններ», «կառավարման խորհուրդ» հասկացությունները:
Նախարարի խոսքով՝ վերանայվել են ստանդարտացման նպատակները եւ սկզբունքները, ստանդարտացման ազգային մարմնի, կառավարման խորհրդի գործառույթները սահմանող հոդվածները: Նախագծով լրացվել է նոր՝ «Տեխնիկական պայմաններ» հոդվածը, մասնավորապես, նախատեսվել է, որ տեխնիկական պայմանների մշակումը, հաստատումը, դրանցում փոփոխությունների կատարումը, չեղյալ հայտարարումը վերապահված են իրավաբանական անձին եւ (կամ) անհատ ձեռնարկատիրոջը:
Ըստ Վահան Քերոբյանի՝ Կառավարության նախաձեռնությամբ սահմանվել է Ստանդարտացման ազգային մարմնում տեխնիկական պայմանների եւ դրանց փոփոխությունների փաստաթղթային փորձաքննության եւ հաշվառման պարտադիր պահանջ: Միաժամանակ նախատեսվել է հայտատուի կողմից նախքան փաստաթղթային փորձաքննություն կատարելը, ելնելով անհրաժեշտությունից, նաեւ համապատասխան պետական մարմնի կամ ոլորտային կազմակերպության եզրակացության ներկայացման պահանջ:
Նախարարը նշել է, որ ստանդարտների չկիրառումը հանգեցնում է տարբեր տեսակի աղետների ու պատահարների, եւ կարեւոր է տնտեսվարողների համար դրանց իրագործումը պարտադիր դարձնելը:
Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կոչ արել կողմ քվեարկել:
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում: Հիմնական կարգավորումներն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նախագծի ընդունմամբ բիզնես գրանցելիս կվերանա հարկման համակարգ ընտրելու տեխնիկական անհստակությունը: Մանրամասները՝ այստեղ:
Հարակից զեկույցում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը նշել է, որ կխնայվի նաեւ ՊԵԿ-ի եւ դատարանների կողմից այդ գործերի վրա ծախսվող ժամանակը: Առաջարկվում է Պետական ռեգիստրի գործակալությունում ԱՁ կամ իրավաբանական անձ գրանցողներին տեղեկացնել փոխկապակցվածության հետ կապված հարկման համակարգերի ընտրության սահմանափակումների վերաբերյալ` հետագա խնդիրները կանխարգելելու նպատակով:
Նշվել է, որ հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Սերմերի եւ տնկանյութի մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: