Գործող կարգավորումներով Կառավարությունը սահմանում է հարկային եւ մաքսային մարմինների օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող այն պաշտոնների անվանացանկը, որտեղ պաշտոնների նշանակումները կատարվում են ՊԵԿ նախագահի կողմից՝ առանց մրցութային ընթացակարգերի պահպանման: Առաջարկվող փոփոխությամբ այդ պաշտոններում նշանակումները կկատարվեն ՊԵԿ նախագահի սահմանած մրցութային ընթացակարգով: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանն ԱԺ սեպտեմբերի 14-ի նիստում ներկայացրել է հարկային եւ մաքսային ծառայություններին վերաբերող օրենքներում առաջարկվող փոփոխությունները: Նրա խոսքով՝ կարեւորվում է հարկային եւ մաքսային համակարգում պաշտոնների զբաղեցման ժամանակ բարեվարքության համակարգի առկայությունը: Մրցութային գործընթացը պետք է պարունակի նաեւ բարեվարքության ստուգման բաղադրիչ:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հարցին ի պատասխան՝ Ծովինար Սողոմոնյանը մանրամասնել է կարգավորումների բովանդակությունը: Նա տեղեկացրել է, որ մաքսային ծառայության մրցույթն իրականացնելիս բարեվարության ստուգման բաղադրիչն արդեն կիրառվում է: Գործընթացը բաղկացած է մի քանի փուլերից. նախ ստուգվում են մասնակիցների գիտելիքները, ինչպես նաեւ մասնագիտական կարճ թեստավորում է անցկացվում, որից հետո մասնակիցները ներկայացնում են բարեվարքության հարցաթերթիկ՝ պատասխանելով մի շարք հարցերի: Հարցաթերթիկը հաշվի է առնվում նաեւ բանավոր հարցազրույցի ժամանակ: ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով՝ այս ընթացակարգով անցել է շուրջ 2000 դիմորդ, բարեվարքության հարցազրուցին մասնակցել է գրեթե 750 մասնակից:
ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանն ընդգծել է, որ միասնական մոտեցում է ցուցաբերվում համանման ծառայություններում պաշտոնների անցնելու գործընթացում: