Մեր երկրի զարգացման գործում կարեւոր է կանանց ներգրավվածությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքականության մեջ. ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը Լոռու մարզից ժամանած «Սոսե» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ «Կանանց դերը քաղաքականության մեջ» թեմայով հոկտեմբերի 14-ի քննարկման ժամանակ: ԱԺ պատագամավորն իր գոհունակությունն է հայտնել, որ մարզերի, հատկապես՝ սահմանամերձ համայնքների կանայք դրսեւորում են ակտիվություն ներհամայնքային խնդիրների լուծման առնչությամբ:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը նույնպես կարեւորել է կանանց դերն ու նշանակությունը հասարակական կյանքում:
«Սոսե» հասարակական կազմակերպության նախագահ Լիանա Սահակյանը տեղեկացրել է, որ «Կանանց ներգրավածության ամրապնդում համայնքային մակարդակում» ծրագրի շրջանակում հանրապետության մարզերում ստեղծվել են կանանց առաջնորդության ակումբներ, որոնց հիմնական նպատակն է գյուղական եւ քաղաքային համայնքների կանանց կարողությունների եւ հմտությունների զարգացումը, ինչպես նաեւ նրանց ներգրավվածությունը համայնքային խնդիրների լուծման գործում:
Հանդիպման ընթացքում հյուրերը բարձրաձայնել են բազմաթիվ հարցեր, որոնք առնչվել են կրթությանը, զորացրված երիտասարդների կրթական արտոնություններին եւ այլ առկա խնդիրներին:
ԱԺ պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանն ու Ալխաս Ղազարյանը հանգամանալի անդրադարձել են բոլոր հարցերին եւ ընդգծել, որ մարզերը տարբեր են, բայց խնդիրները նույնն են:
Հյուրերը ճանաչողական այցի շրջանակում նաեւ ծանոթացել են խորհրդարանական առօրյային, եղել ԱԺ թանգարանում եւ գրադարանում:
Նշվել է, որ նմանօրինակ հանդիպումները կլինեն շարունակական: