Առաջարկվում է օրենսդրորեն սահմանել բյուջետային համակարգի կայունացման հաշիվ ստեղծելու իրավական հիմքերը եւ կանոնակարգել դրա կառավարման, համալրման ու օգտագործման գործընթացները, լիազորել Կառավարությանը՝ սահմանելու կայունացման հաշվի միջոցների համալրման եւ օգտագործման կարգը: Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Գանձապետական համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստում:
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում նաեւ ամրագրվում է կայունացման հաշվի միջոցների նպատակային միջին մակարդակը, որը հաշվարկվում է որպես տվյալ տարվա աշխատանքային օրերի միջին օրական մնացորդ, եւ որը պետք է գտնվի ՀՀ կառավարության տվյալ տարվա բյուջետային ուղերձում տարվա համար կանխատեսված ՀՆԱ-ի մեկից մինչեւ երկու տոկոս միջակայքի սահմաններում:
Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական առաջարկներ, որոնք ընդունվել են:
Հանձնաժողովականներն առաջին ընթարցմամբ քննարկել են ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի հավաստմամբ՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործող ՀՀ կառավարության մի քանի որոշումների համար իրավական հիմք ապահովելու, ինչպես նաեւ հետագայում համապատասխան ոլորտը կարգավորող որոշումներ ընդունելու համար օրենքով լիազորող նորմեր սահմանելու անհրաժեշտությամբ:
Ըստ փոխնախարարի՝ ՀՀ կառավարության առանձին որոշումներով հաստատված են հանրային իշխանության մարմինների պահպանման ծախսերում հեռախոսակապի եւ փոստային կապի ծառայությունների գծով ծախսերի հաշվարկման նորմաները:
Առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով ՀՀ կառավարությանն իրավասություն տալ ընդունելու առանձին ծախսային ուղղություններով նորմաներ սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ ակտեր:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ նախագծով օրենսդրական հիմքեր են ստեղծվում Կառավարության որոշումների համար:
Քննարկման արդյունքում նախագծերի փաթեթն ու օրինագիծը ստացել են դրական եզրակացություն: