Քառօրյա աշխատանքային այցով Հայաստան այցելած Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորները հոկտեմբերի 16-ին այցելել են Ջերմուկ, որը սեպտեմբերի 13-ին գնդակոծվել էր ադրբեջանական զինուժի կողմից:
Ադրբեջանցիները, կիրառելով տարբեր տրամաչափի եւ հեռավորության զենքեր, վնասել են առողջարանային քաղաքի ենթակառուցվածքները: Վնասվել են Ջերմուկի առողջարանը, հյուրատներ, ճանապարհներ: Հարվածներ են հասցվել նաեւ Կեչուտի գերեզմանատանը՝ այդ ձեւով փորձելով նաեւ հոգեբանական ազդեցություն գործել տեղի բնակչության վրա: Հակառակորդը կիրառել է նաեւ կասետային ռումբեր, որոնք արգելված են միջազգային կոնվենցիաներով:
Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավոր Միշել Մատերն այցի ընթացքում նշել է. «Ժնեւում ընդունել ենք բանաձեւ, որտեղ դատապարտել ենք սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիան: Սա առաջին մակարդակն է: Այժմ մենք պետք է առաջ գնանք՝ Դաշնային ժողով. սա կարեւոր է: Սա վերաբերում է ոչ միայն Շվեյցարիային, այլեւ՝ ամբողջ Եվրոպային, քանի որ մենք ունենք նույն արժեքները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւ միջազգային իրավունք»:
Շտեֆան Մյուլեր-Ալտերմատը կարեւորել է այն հանգամանքը, որ իրենք Ջերմուկում են դեպքերից շատ կարճ ժամանակ անց: Նրա խոսքով՝ իրենք կանգնած են ոչ միայն խորհրդարանական գործընկերների, այլ նաեւ՝ հայ ժողովրդի կողքին:
Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանի խոսքով՝ առանձնապես տուժել են քաղաքային լանդշաֆտն ու անտառածածկը: Նա հավելել է, որ, չնայած իրավիճակին, կարողանում են իրականացնել վերականգնողական աշխատանքներ:
Շվեյցարացի պատգամավորները կարեւորել են տեղի ունեցածը սեփական աչքերով տեսնելն ու այդ ամենի մասին գործընկերներին փոխանցելը: