Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ արդարադատության նախարարությանը ՀԸԳՀ-ին համահունչ ազգային օրենսդրությունը մոտարկելու ԵՄ օրենսդրության հետ: Այս նպատակին հասնելու համար մենք մի շարք քայլեր արդեն իսկ իրականացրել ենք եւ մի շարք քայլեր դեռեւս առջեւում են. նշել է ծրագրի գլխավոր փորձագետ Ամալյա Ոսկանյանը «Մոտարկում ԵՄ իրավունքին. տեսությունը եւ պրակտիկան» թեմայով հոկտեմբերի 19-ին կայացած աշխատաժողովի ընթացքում:
Այն անցկացվել է Ազգային ժողովի աշխատակազմի, հանձնաժողովների փորձագետների եւ պատգամավորների օգնականների համար «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի շրջանակում:
Ամալյա Ոսկանյանն ընդգծել է, որ ծրագրի շրջանակում իրականացրել են վերապատրաստումներ պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների հետ: Մշակվել են ուղեցույցներ, որոնք կարող են օրենսդրական մոտարկման ընթացքում աջակցել ե՛ւ քաղաքացիական հասարակությանը, ե՛ւ քաղծառայողներին:
Ժան Մոնե «Իրավական մոտարկման լաբորատորիա» մոդուլի համակարգող Աննա Խվորոստիանկինան էլ զեկույց է ներկայացրել «Իրավական մոտարկում. Համագործակցության մշակում ակադեմիական շրջանակների եւ քաղաքականություն մշակողների միջեւ» թեմայով:
Նրա խոսքով՝ այսօրվա աշխատաժողովը Թվինինգ ծրագրի շրջանակում վերջինն է, որն ունի ամփոփիչ բնույթ: «Այս աշխատաժողովի ընթացքում փորձել ենք քննարկել նախորդ հանդիպումներին տրված տեղեկատվությունը»,- նշել է Աննա Խվորոստիանկինան: Նա հույս է հայտնել, որ աշխատաժողովներն ԱԺ աշխատակիցների համար կծառայեն որպես ճանապարհային քարտեզ, որպեսզի հասկանան, թե ԵՄ իրավական մոտարկման հետ կապված հարցերում ինչպիսի քայլեր եւ ուղեցույցներ կարող են գործարկել:
Հունաստանի Թվինինգ ծրագրի փորձագետներն օրինագծերի մշակման վերաբերյալ կիսվել են իրենց փորձով եւ ներկայացրել կատարված աշխատանքները: