Գործող կարգավորմամբ տուգանքի չափը բոլոր դեպքերում նույնն է՝ 200.000 դրամ: Առաջարկվող փոփոխությամբ որքան շատ լինի թույլատրելիից ավելի բեռի քաշը, այնքան տուգանքի չափը մեծ է լինելու:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը:
Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթեւեկելու համար սահմանված տուգանքի չափը՝ 200.000 դրամը, փոփոխել եւ մինչեւ 1 տոննա եւ ավելի յուրաքանչյուր տոննայի համար սահմանել 200 հազար դրամ տուգանք:
Առաջարկվում է նաեւ ամրագրել, որ տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաեւ այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված վարչական ակտերի՝ կարգադրագրերի եւ ցուցումների պահանջները սահմանված ժամկետում չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրհիսունապատիկի չափով:
Նախագծի նպատակն արդարացիության ապահովումն է, ինչպես նաեւ ճանապարհներին հասցվող վնասի նվազեցումը:
Ելույթ ունենալով՝ պատգամավոր Արմեն Խաչատրյանը կարեւորել է առաջարկվող փոփոխությունները, ինչպես նաեւ անդրադարձել ոլորտի խնդիրներին: Պատգամավորը Կառավարությանը հորդորել է ստեղծել աշխատանքային խումբ եւ որոշակի լրացումներ ու փոփոխություններ իրականացնել Կառավարության այն որոշումներում, որոնք կարգավորում են բեռնափոխադրումների դաշտը: Ըստ նրա՝ որոշ հարցեր դուրս են մնացել կարգավորումներից, եւ այսօր դրանք լուծման կարիք ունեն:
Նախագծին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
Նախագիծը քննարկվել է ԱԺ հոկտեմբերի 25-ի նիստում: