Հայաստանի Հանրապետության ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը նոյեմբերի 15-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության խորհրդարանի գլխավոր քարտուղար Կվան-ջե Լիին:
Ջերմորեն ողջունելով գործընկերոջը` Կվան-ջե Լին նշել է, որ ԿՀ-ն կարեւորում է ՀՀ-ի հետ բազմոլորտ հարաբերությունների զարգացումը, եւ պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել՝ զարգացնելու երկու խորհրդարանների միջեւ համագործակցությունը, աշխատակազմերի միջեւ շփումների ակտիվացումը:
Իր հերթին Վահան Նարիբեկյանը ցավակցություն է հայտնել Սեուլում բազմաթիվ մարդկային կյանքեր խլած ողբերգության կապակցությամբ, ապա անդրադարձել Հայաստանի եւ Կորեայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ու նշել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-կորեական միջպետական կապերը զարգացել են բարեկամական եւ գործընկերային մթնոլորտում: «Չնայած մեր երկրներն աշխարհագրորեն հեռու են միմյանցից, սակայն առկա են անհրաժեշտ հիմքեր եւ չիրացված ներուժ՝ մեր հարաբերություններն առավել ընդլայնելու համար: Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Կորեայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը, բազմոլորտ համագործակցության խորացմանը եւ միջխորհրդարանական կապերի առավել զարգացմանը»,- ասել է Վահան Նարիբեկյանը:
Նա նշել է, որ խորհրդարանական ձեւաչափով համագործակցությունը կարեւոր դեր ունի հայ-կորեական միջպետական հարաբերությունների օրակարգում:
«ՀՀ ԱԺ պատվիրակության այս այցը միջխորհրդարանական շփումներն ու փոխգործակցությունն առավել խորացնելու լավ հնարավորություն է ընձեռում՝ քննարկելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Որպես ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար՝ կարեւորում եմ երկու խորհրդարանների աշխատակազմերի միջեւ փոխանակման ծրագրերի իրականացումը, ճանաչողական այցերը, ՀՀ ԱԺ աշխատակազմի՝ ԿՀ-ում վերապատրաստումը եւ այլ միջոցառումների կազմակերպումը»,-նշել է Վահան Նարիբեկյանը:
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը երախտիքի խոսք է հայտնել Կորեայի կառավարությանը Հայաստանին մշտապես աջակցություն ցուցաբերելու, հատկապես՝ Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) կողմից Հայաստանում իրականացված տարաբնույթ ծրագրերի համար:
Հանդիպման ընթացքում հանգամանալից ներկայացվել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակման մանրամասները:
Վահան Նարիբեկյանը հանդիպման ավարտին կորեացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան: Կվան-ջե Լին սիրով ընդունել է հրավերը: