«Մեկ կանգառ, մեկ պատուհան» ՀՀ արտաքին առեւտրի հարթակի եւ պետական կառավարման մարմինների միջեւ «փոխգործելիության» հարթակի ներդրման, ինչպես նաեւ ծրագրային լուծման նպատակով իրականացվում է «Միասնական հայտ» համակարգի ներդրումը, որի արդյունքում նախատեսվում է լիցենզիաների, թույլտվությունների ստացման հայտերը, ինչպես նաեւ դրանց ուղեկցող փաստաթղթերը լրացնել եւ ներբեռնել էլեկտրոնային եղանակով. ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը՝ առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ Էկոնոմիկայի փոխնախարարի՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հնարավորություն է տրվում իրազեկումը կամ անհրաժեշտ փաստաթղթերի ուղարկումն իրականացնել նաեւ համացանցային կայքէջում հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի միջոցով:
Նշվել է նաեւ, որ օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է 2014 թ. դեկտեմբերի Կառավարության եւ 2019 թ. հոկտեմբերի ՀՀ վարչապետի որոշումների կետերը կատարելու պահանջից:
Արմեն Արզումանյանը փաստել է, որ մեր քաղաքացիները դյուրին կերպով կստանան գործունեության իրականացման ծանուցման հետ կապված բոլոր փաստաթղթերը:
Հանձնաժողովականներն օրինագծին տվել են դրական եզրակացություն:
Հարցը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի հերթական նիստում: