National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.11.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
09.12.2022
Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել
1 / 10

Ազգային ժողովը Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին հրավիրել է արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Նախաձեռնողի առաջարկով եւ ԱԺ որոշմամբ օրակարգային որոշ հարցերի երկրորդ ընթեցմամբ քննարկումը կիրականացվի դրանք առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: Որոշ նախագծեր էլ կքննարկվեն հատուկ ընթացակարգով:

Օրակարգը հաստատելուց հետո պատգամավորները քննարկել են «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ Հայաստանի Հանրապետության ու Ասիական զարգացման բանկի միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրվել է «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը՝ 100 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով: Վարկը տրամադրվելու է 12 տարով, արտոնյալ ժամկետը 3 տարի է:

Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված մի շարք ոլորտներում միջոցառումների եւ բարեփոխումների իրականացումը: Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաեւ պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը, պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերություն համակարգի բարեփոխումները, պետական գնումների համակարգի արդիականացումը, կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացումն ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնումը, Կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը, ֆինանսական եւ կապիտալի շուկաների զարգացումը:

Վարկային համաձայնագիրը ՀՀ պետական բյուջեի համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ է առաջացնելու:

Համաձայնագրի վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր: Նախագծի առնչությամբ ելույթ են ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը եւ Արթուր Խաչատրյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Արթուր Խաչատրյանն անդրադարձել է վարկային միջոցների ծախսման անարդյունավետությանը՝ նշելով, որ կապիտալ ծախսերի կատարումը մշտապես թերակատարվում է:

Արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Նրա խոսքով 2018-2019 թթ. մեր երկրում այնքան ճանապարհ է սարքվել, որքան չի սարքվել նախորդած 7,8,10 տարիների ընթացքում, եւ դա եղել է միայն այն պատճառով, որ տեղի են ունեցել արդար մրցույթներ: «Կառավարությունը նախորդ 2 տարիների ընթացքում գիտության ոլորտի բյուջեն ավելացրել է ավելի քան երկու անգամ, մտադրվել է 500-ից ավելի դպրոցներ կառուցել: Մենք ահռելի մեծ պլաններ ունենք, եւ դրանց մի մասը կարող է թերակատարվել»,-ընդգծել է նա:

«Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արթուր Խաչատրյանը: Նա անդրադարձել է կապիտալ ծախսերի անարդյունավետության հարցին՝ նշելով ճանապարհաշինությանն առնչվող որոշ փաստեր:

Քվեարկության արդյունքում օրենքի նախագիծն ընդունվել է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am