Ցանկացած աշխատանքի հաջողության կարեւորագույն գրավականը սերն է կատարած գործի հանդեպ: Եթե ցանկանում եք հաջողակ լինել եւ մեծ բարձունքների հասնել, ապա սիրով եւ ջանասիրությամբ սովորեք, նվիրվեք ձեր ընտրած մասնագիտությանը, եւ վստահ եղեք, որ բարձրակարգ ու արհեստավարժ մասնագետի պահանջարկն աշխատաշուկայում միշտ առկա է. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը դեկտեմբերի 12-ին Երեւանի Սամվել Շահմուրադյանի անվան համար 85 հիմնական դպրոց այցի ժամանակ: Պատգամավորի այցն իրականացվել էր «Վերադարձ դպրոց» նախաձեռնության շրջանակում:
Այցի օրակարգը բավականին ընդգրկուն է եղել. սկզբում պատգամավորը շրջել է դպրոցում, ողջունել հարազատ կրթօջախի ուսուցչական կազմին, ապա հանդիպել աշակերտների հետ:
Հասմիկ Հակոբյանը դպրոցի սաներին ներկայացրել է Ազգային ժողովի կառուցվածքն ու գործունեության հիմնական ուղղությունները, խոսել քաղաքական գործչի կերպարի, օրենսդրական աշխատանքի մանրամասների մասին:
Աշխատաշուկայում պահանջարկ ունեցող ինչպիսի՞ մասնագիտություն ընտրել, ինչո՞ւ են անօրինական կտրում ծառերը, ինչո՞ւ են մարդիկ թափառող շներին վնասում, ե՞րբ են դպրոցներն արդի չափորոշիչներին համապատասխան վերանորոգվելու, ինչո՞վ է պայմանավորված արտագաղթը, ինչո՞ւ են մարդիկ քիչ հաճախում թատրոն. ջերմ ու մտերմիկ զրույցի ընթացքում իրենց բնորոշ անկեղծությամբ նման հարցեր են բարձրացրել դպրոցականները: Հասմիկ Հակոբյանը սիրով անդրադարձել է աշակերտների բազմաբնույթ հարցերին եւ վստահեցրել, որ այդ խնդիրներն իրենց ամենօրյա ուշադրության առանցքում են եւ քայլ առ քայլ փորձում են հասնել դրանց ամբողջական լուծմանը:
Անմիջական եւ բովանդակալից զրույցի ավարտին պատգամավորն աշակերտներին հորդորել է սիրել հայրենիքը, հայ եւ համաշխարհային գրականության լավագույն գործերը կարդալ եւ հիշեցրել, որ բոլոր ժամանակներում լավագույն կապիտալը գիտելիքն է:
Պատգամավորն այցի շրջանակում ծանոթացել է նաեւ դպրոցի՝ բազմաթիվ չլուծված խնդիրերին, խոստացել է համապատասխան հարթակներում բարձրաձայնել դրանց առկայության մասին եւ փորձել լուծել դրանք: