Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` դեկտեմբերի 15-ի արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների: Նիստը վարել է հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:
Համայնքների եկամուտներն ավելի կանխատեսելի դարձնելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում Հարկային օրենսգրքում: Հարցը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Նրա խոսքով առաջինից երկրորդ ընթերցում նախագծում կատարվել են որոշ հստակեցումներ:
Նախաձեռնությամբ առաջարկվող բոլոր փոփոխությունները` այստեղ:
«Պետական տուրքի մասին» եւ կից օրենքներում փոփոխությունները ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Կառավարությունը նախատեսում է խաղային ոլորտում գործունեության երկու տեսակների համար (ինտերնետ շահումով խաղեր եւ տոտալիզատորներ) բարձրացնել հարկային բեռը: Առաջարկվում է գործող պետտուրքից բացի, ներդնել լրացուցիչ պետական տուրք` կախված խաղադրույքների ծավալից եւ իրացման շրջանառությունից. ինտերնետ շահումով խաղերի համար յուրաքանչյուր 100 մլրդ դրամ խաղադրույք ընդունելու պարագայում 175 մլն դրամի չափով, տոտալիզատորների համար` յուրաքանչյուր 50 մլրդ խաղադրույք ընդունելու պարագայում 50 մլն դրամի չափով: Նշվել է, որ նախագծերի փաթեթի ընդունվելու դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2023 թ. հուլիսի 1-ից:
Փոխնախարարի տեղեկացմամբ նախաձեռնությունն առաջինից երկրորդ ընթերցում չի փոփոխվել, քանի որ առաջարկներ չեն ներկայացվել:
Արման Պողոսյանն ընդգծել է, որ փաթեթով առաջարկվող լուծումները համաձայնեցված են ոլորտի տնտեսվարողների հետ:
Բաբկեն Թունյանի այն հարցին, թե արդյո՞ք նախաձեռնությունը կունենա զսպող ազդեցություն խաղամոլության վրա` Արման Պողոսյանը նշել է, որ Կառավարության քաղաքականությունն ուղղված է այս միջավայրից քաղաքացիներին հնարավորինս զերծ պահելուն:
Կառավարությունն առաջարկում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի գործողության ժամկետը երկարաձգել մեկ տարով` 2022 թ. դեկտեմբերի 31-ից մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը: Նախատեսվում է նաեւ սահմանել լիազորող նորմ, որով հնարավորություն կընձեռվի մշակել եւ ներդնել տարբեր տեսակի պետական աջակցման ծրագրեր: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:
Զեկուցողի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում առաջարկներ են ներկայացրել Ֆինանսների եւ Արդարադատության նախարարությունները, որոնք ընդունվել են:
Զեկուցողը կարեւորել է բնագավառի շարունակական զարգացման ապահովումը, պատասխանել պատգամավորների հարցերին` կապված ՏՏ ոլորտին հարկային արտոնությունների տրամադրման հետ:
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններով էլ գործադիրը բարձրացնում է շինարարության թույլտվությունների տրամադրման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը, սահմանում է տուրք նաեւ շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառուցապատողների հայկական ասոցիացիայի եւ ոլորտային կառույցների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ընթացքում ներկայացվել են առաջարկներ, որոնք ընդունվել են: Տեղական տուրքի դրույքաչափի բարձրացումն անհատական բնակելի տների մասով կկիրառվի միայն Երեւան քաղաքի վարչական տարածքում: Փաթեթի լրամշակված տարբերակում Կառավարությունն առաջարկում է փոփոխությունները չտարածել սահմանամերձ բնակավայրերի վրա:
«Քննարկումների արդյունքում որոշվել է` շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգման տեղական տուրքը նախատեսել երկարաձգման յուրաքանչյուր տարվա համար»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել, որ նախատեսվում է նաեւ իջեցնել դրույքաչափերը:
Եթե առաջին անգամ շինարարության թույլտվության ժամկետը երկարացվում է հիմնական թույլտվությամբ նախատեսված ժամկետի ոչ ավելի, քան 20 տոկոսի չափով (1 տարուց ոչ ավելի), ապա տեղական տուրքը կվճարվի կիսով չափ: Իսկ մնացյալ դեպքերում` ամբողջությամբ:
Կատարվել են նաեւ խմբագրական բնույթի փոփոխություններ: