Ազգային ժողովն այն հարթակն է, որտեղ կազմակերպվում են քննարկումներ, եւ դրանց արդյունքում իրենց լուծումներն են ստանում բազմաթիվ խնդրահարույց հարցեր. ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը դեկտեմբերի 15-ին հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ:
ՀՀ ֆինանսների նախարարության ու Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի, անկախ աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է «Հաշվապահական հաշվառման եւ աուդիտորական գործունեության կարգավորման եւ հանրային վերահսկողության մասին» օրենքի որոշ դրույթների՝ 2023 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնելու հետ կապված հարցը:
Գեւորգ Պապոյանը նաեւ նշել է, որ աուդիտորական գործունեություն ծավալող ընկերությունները դիտարկումներ ու դժգոհություններ ունեն 2019 թ. դեկտեմբերին ընդունված գործող օրենքի որոշ դրույթների վերաբերյալ:
Աուդիտորական ընկերությունների ներկայացուցիչների հավաստմամբ աուդիտորների մի մասի գործունեություն իրականացնելու համար տրամադրված վկայականների ժամկետը չի երկարաձգվել: Միայն «Հայաստանի աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ-ի անդամները, որոնք ինչ-ինչ պայմաններով որակավորվել են, նրանք են գործունեություն իրականացնում:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ հաշվապահական հաշվառման ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմինը Ֆինանսների նախարարությունն է, որը, օրենքի համաձայն, նախատեսված ժամկետներում կազմակերպել է որակավորման քննություններ:
Քննարկմանը մասնակից որոշ աուդիտորներ չէին ընդունում որակավորման քննության արդյունքները եւ հայտարարում էին, որ չեն մասնակցելու այդ քննություններին: Ըստ Արման Պողոսյանի՝ ոլորտն ունի դինամիկ զարգացող օրենսդրություն, եւ այն ենթակա է պարբերաբար փոփոխության: Նրա այն հարցին, թե ինչու չեն ցանկանում մասնակցել որակավորման քննություններին, այդպես էլ հիմնարար պատասխան չի հնչել:
«Տասը տարի առաջ որակավորված մասնագետները չեն կարող համապատասխանել արդի պահանջներին»,- ասել է Ֆինանսների փոխնախարարը:
Նշվել է նաեւ, որ աուդիտորական գործունեություն իրականացնողը պետք է համապատասխանի միջազգային չափորոշիչներին:
Հիշեցնենք, որ գործող օրենքը սահմանում է հաշվապահական հաշվառում կազմակերպելու եւ վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություններ պատրաստելու եւ ներկայացնելու միասնական հիմունքները եւ կարգավորում է հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ հարաբերություններ:
ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հավատարմագրված միակ մասնագիտացված կառույցը «Հայաստանի աուդիտորների եւ փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ-ն է: Հետեւաբար, հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունում գլխավոր հաշվապահ կարող են աշխատել միայն մասնագիտացված կառույցի ռեեստրում գրանցված փորձագետ հաշվապահները եւ աուդիտորները: