Ազգային ժողովը պատգամավորների նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին արտահերթ նստաշրջան է հրավիրել:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են դեկտեմբերի 18-ին կյանքից անժամանակ հեռացած ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հիշատակը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին թիվ 12, 13, 14 եւ 15 արձանագրությունները, ըստ որոնց՝ մանդատները տրվում են «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուներ Մհեր Սահակյանին, Արփինե Վարդանյանին, Արման Ղազարյանին եւ Իրինա Գասպարյանին:
ԱԺ կազմը համալրած պատգամավորները համաձայն «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի երդվել են՝ ասելով. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:
Պատգամավորները սկսել են օրակարգային հարցերի քննարկումը: