Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Լիզա Գրիգորյանի, Լիլիթ Խաչատրյանի եւ Արման Կուրեխյանի թեկնածությունները:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է թեկնածուների կենսագրական տվյալները, շեշտադրել նրանց մասնագիտական որակները:
«Հանրությունը կարիք ունի արդարության վրա հիմնված դատական համակարգի»,-իր ելույթում ասել է թեկնածու Լիզա Գրիգորյանը:
Ըստ նրա՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների նպատակը պետք է լինի ժողովրդին որակյալ ծառայությունների մատուցումը: Թեկնածուն կարեւորել է դատաքննության ժամանակ օրենքի միատեսակ կիրառման անհրաժեշտությունը:
Հաջորդ թեկնածու Լիլիթ Խաչատրյանը ելույթում նշել է, որ ընտրվելու դեպքում իր գիտելիքներն ու փորձը կներդնի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի արդար քննության գործում:
Դատարանների բեռնաթափման գործում նա ընդգծել է մասնագիտացված դատարանների անհրաժեշտությունը: «Հակակոռուպցիոն դատարանը պետք է գործերը քննի ամբողջ խորությամբ, քանի որ գործ է ունենում քաղաքացու սեփականության հետ»,-նշել է Լիլիթ Խաչատրյանը:
Արման Կուրեխյանն էլ իր ելույթում կարեւորել է հակակոռուպցիոն դատարանների դերն ու նշանակությունը մեր երկրի դատական համակարգում: Ըստ թեկնածուի՝ անհրաժեշտ է բարձրացնել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը: Արման Կուրեխյանը նույնպես ընդգծել է դատական քննության գործերի ընթացքում օրենքների միատեսակ կիրառությունը:
Մտքերի փոխանակության ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն անդրադարձել է երկրի դատաիրավական համակարգին, կոռուպցիոն երեւույթներին, դրանց ծագմանն ու դրանց դեմ պայքարի անհրաժեշտությանը:
Ըստ նրա՝ համակարգված կոռուպցիան այսօր վերացված է, սակայն կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարը պետք է լինի արդյունավետ ու շարունակական: «Մեր նպատակը պատժելը չէ, այլ կոռուպցիոն երեւույթները նվազագույնի հասցնելն է»,-ասել է Վիգեն Խաչատրյանը:
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին: