National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.01.2023
«Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվել է
1 / 11

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքի նախագծով առաջարկվում է լրացուցիչ երաշխիքներ սահմանել հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների համար: Այս մասին ասել է նախագծի հիմնական զեկուցող Գեղամ Նազարյանը ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 11-ի հերթական նիստի ժամանակ: Պատգամավորն ընդգծել է, որ առաջարկվում է երաշխիքներում ներառել հիպոտեկային վարկը մարելու նպատակով ընտանիքի անդամի աջակցությունը, որոշակի ծախսերի փոխհատուցումը եւ այլ արտոնություններ:

Գեղամ Նազարյանը նշել է, որ նախագիծը մեկ հիմնական  նպատակ ունի. փորձել օգնել, որ մեր հանրությունը լինի առողջ: «Սա առաջին հերթին մեր հանրության առողջացմանն ուղղված քայլ է, ապա նոր նահատակված տղաների ընտանիքների անդամներին աջակցելու գործողություն»,- ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Հարակից զեկուցող Վիլեն Գաբրիելյանը մանրամասն նշել է օրենքի նախագծի մեջ եղած թերությունները: Նրա կարծիքով նախագծի գաղափարը լավն է, սակայն` թերի. լրացուցիչ աշխատանքի կարիք ունի: «Ես կարծում եմ, որ նմանատիպ նախագիծ  Հայաստանի Հանրապետությունը որպես օրենք պետք է ունենա, բայց նյութի տակ չկան փաստարկներ, հիմնավորումներ»,- ասել է պագամավորը: Հարակից զեկուցողը կոչ է արել գործընկերներին դեմ քվեարկել նախագծին:

ՀՀ կառավարության ներկայացուցիչ, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն էլ իր խոսքում նշել է, որ գաղափարը լավն է, սակայն զուրկ է հաշվարկներից եւ հիմնավորումներից:

Հանձնաժողովի անդամներն իրենց ելույթներում անդրադառնալով նախագծին եւս ողջունել են գաղափարը, սակայն այն համարել ոչ լիարժեք: Նշվել է, որ նախագծի հիմնավորումներում բացակայում են հաշվարկները, վիճակագրական տվյալները:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով այն ընթացակարգերը, որոնք նախատեսված են օրենքի նախագծի քննարկման համար, չեն պահպանվել: Հանձնաժողովի նախագահն առաջարկել է նախագծի քվեարկությունը հետաձգել` միասնական ընթացակարգային քննարկումներն անցնելու համար:

Եզրափակիչ ելույթում հարակից զեկուցող Վիլեն Գաբրիելյանն առաջարկել է նախագիծն ավելի խորքային ուսումնասիրել, շտկել թերությունները եւ վերստին բերել քննարկման դաշտ:

Հիմնական զեկուցող Գեղամ Նազարյանն ընդգծել է, որ օրինագծի ընդունումն անհրաժեշտություն է: Ուստի, ընդունելով հանձնաժողովի նախագահի առաջարկն ու պատգամավորների դիտողությունները, համաձայնել է օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգել մինչեւ 2 ամիս ժամկետով: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am