Սիրելի՛ հայրենակիցներ, պարոնայք սպաներ, բանակաշինության գործի նվիրյալներ, զինծառայողներ,
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Բանակի օրվա առթիվ:
Զինված ուժերի կազմավորումից ի վեր մեր բանակը գրանցել է բազում հաջողություններ եւ ապրել ծանր ու օրհասական ժամանակներ: Այս ամբողջ ընթացքում բանակի կողքին են եղել մեր հայրենակիցները: Դժվար թե գտնվի մի տուն, որտեղ չեն խոսում զինծառայողների սխրանքներից, որտեղ շունչները պահած չեն աղոթում մեր տղաների համար:
Մեր հայրենիքի համար այսօր բարդ ժամանակներ են, եւ առավել քան երբեւէ մեզ հզոր թիկունք, անվտանգ ու պաշտպանված սահմաններ են պետք: Այս հարցում ջանքեր չենք խնայելու՝ հանուն խաղաղության եւ բարեփոխված զինված ուժերի: Հայոց բանակն ապահովված է բոլոր անհրաժեշտ միջոցներով, իսկ բանակաշինությանն ուղղված համալրումները շարունակական բնույթ են կրում:
Շնորհակալություն մեր երկրի պաշտպանության համար օրուգիշեր սահմանին կանգնած տղաներին, շնորհակալություն նրանց սպասող ընտանիքներին:
Հավերժ խոնարհում բանակի կայացման ակունքներում ընկածների հիշատակին, հավերժ փառք պատերազմներում անմահացած քաջերին: