National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
31.01.2023
Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամներն առցանց հանդիպել են Սլովենիայի խորհրդարանի Սլովենիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ
1 / 5

ԱԺ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի ղեկավար Սեյրան Օհանյանը, անդամներ Արման Եղոյանը, Ծովինար Վարդանյանը, Գեղամ Մանուկյանն ու Մարիամ Պողոսյանը հունվարի 31-ին առցանց հանդիպել են Սլովենիայի խորհրդարանի Սլովենիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դեն Պրեմիկի ու  անդամների հետ:

Ողջունելով գործընկերներին՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը կարեւորում է խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների շրջանակում:

«Մենք բարձր ենք գնահատում Սլովենիայի հետ բարեկամական ջերմ հարաբերությունները եւ մեր երկրների օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի միջեւ արդյունավետ կապը, ինչպես նաեւ Սլովենիայի հետ սերտ եւ կառուցողական խորհրդարանական երկխոսության առավել խորացումն ու ամրապնդումը»,- ասել է Հայաստան- Սլովենիա բարեկամական խմբի ղեկավարը:

Սեյրան Օհանյանը կարեւորել է առաջիկայում սպասվող Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Նա ընդգծել է, որ դա հիանալի առիթ է երկու խորհրդարանների միջեւ համագործակցությունն էլ ավելի զարգացնելու եւ ամրապնդելու:

Սեյրան Օհանյանը ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից  Լաչինի միջանցքի շրջափակմանը՝ ընդգծելով խնդրի առնչությամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ իր անունից նամակները, որոնք ուղարկվել են Սլովենիայի Ազգային ժողովի նախագահին եւ բարեկամական խմբի ղեկավարին:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւս, անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակմանը, նշել է. «Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը եւ շրջափակման է ենթարկել 120.000 հայերի՝ որպես շանտաժի գործիք Հայաստանի Հանրապետության դեմ:  Ադրբեջանի նպատակը հենց այն է, որ ճանապարհը բացելու դիմաց Հայաստանից որեւէ բան ստանա: Սա միջազգային մասշտաբի տեռոր է խաղաղ բնակչության եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ»: Պատգամավորն ընդգծել է, որ Հայաստանը չի պատրաստվում կատարել նրանց պահանջները:

Արման Եղոյանը հույս է հայտնել, որ Եվրոպայի գործընկերների կողմից հարցի կարգավորմանն ուղղված քայլեր կձեռնարկվեն:

Սլովենիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դեն Պրեմիկը նշել է, որ ինքը Միջազգային համագործակցության հանձնաժողովի փոխնախագահն է եւ տեղեկատվությամբ կկիսվի իր գործընկերների հետ:

Սլովենիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ Դուշան Ստոյանովիչը կարեւորել է ստեղծված  իրավիճակը Հայաստանի կողմից մանրամասն ներկայացնելը: Ըստ նրա՝ դա կօգնի միջազգային կառույցներին ճիշտ կողմնորոշվել եւ որոշում կայացնել:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Սլովենիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am