National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
02.05.2006
Ազգային ժողովի նիստը

Մայիսի 2-ին մեկնարկած` Ազգային Ժողովի քառօրյա նիստի օրակարգում ընդգրկված է 46 հարց եւ  13 միջազգային համաձայնագիր: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատգամավորներին ներկայացրեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում  լրացումների  եւ  հետաձգումների որոշման նախագծերը, ինչպես նաեւ` քառօրյայի օրակարգի նախագիծը: Քվեարկությամբ պատգամավորներն ընդունեցին թե նշված փաստաթղթերը, եւ թե նախորդ քառօրյա նիստերի ընթացքում քննարկված` յոթ  հարցերը:  ՄԱԿ խմբակցության հեղինակած` «Ազգային ժողովի կանոնակարգի» նախագիծը, որը չէր ստացել պետական-իրավական հարցերի հանձնաժողովի դրական  եզրակացությունը, քվեարկությամբ որոշվեց ընդգրկել յոթերորդ նստաշրջանի օրակարգում: Խմբակցության ղեկավարն առաջարկում է խորհրդարանի կանոնակարգի իրենց տարբերակը  դիտարկել  շրջանառության մեջ դրված նույնանուն նախագծին այլընտրանքային:  Նիստում հրապարկվեց, որ ՄԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Պողոսյանը, օրենքով սահմանված կարգով, հետ է վերցրել պատգամավորական լիազորությունները դադարեցնելու դիմումը: Ինչպես պարզաբանեց ԱԺ նախագահը,  պատգամավորը չի զբաղվելու  տնտեսական գործունեությամբ, ինչով եւ պայմավորված էր նրա դիմումը: 

Խորհրդարանի ընդդիմադիր քաղաքական ուժերը  մտահոգված են  եռօրյայի օրակարգում ընդգրկված` ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ կառավարության նախատեսած նոր առաջարկությունների առիթով եւ դրանք համարում են անընդունելի: «Արդարության» քարտուղար Վիկտոր Դալլաքյանը եւ «Ազգային միաբանության» ղեկավար Արտաշես Գեղամյանը հայտարարեցին, որ օրենսգրքում այդ առաջարկները արտացոլելու դեպքում հետ կվերցնեն փաստաթղթի տակ դրված իրենց ստորագրությունները:   

          Օրակարգի քննարկման  ժամանակ, օգտվելով խորհրդարանի ղեկավարին հա րցեր ուղղելու հնարավորությունից, պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանն անդրադարձավ գերմանական «Ֆրանկֆուրտեր Ալգեմայնե» թերթին ԱԺ նախագահի տված հարցազրույցին, մասնավորապես` ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության խնդրին: Արթուր Բաղդասարյանը  եւս մեկ անգամ փաստեց, որ ինքը եվրաինտեգրմանն եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնելու կողմնակից է: Արեւմտյան արժեքները, սակայն, ԱԺ նախագահը չի հակադրում ռուսականին եւ  ընդգծում է, որ Ռուսաստանը նույնպես ձգտում է ընդլայնել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները: Միաժամանակ` կա անհատական գործընկերության ծրագիր, եւ Հայաստանի քաղաքական օրակարգում նման հարց դրված չէ: Աժ նախագահը ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացումը համարում է ապագայի տեսլական: Կոալիցիոն իր գործընկերների  տեսակետների միջեւ լուրջ հակադրություն Աժ նախագահը չի տեսնում եւ հավաստիացնում է, որ, եթե լինեն ներքին կամ արտաքին քաղաքական անհաշտելի տարաձայնություններ, «Օրինաց երկիրը» դուրս կգա կոալիցիայից:

          Խորհրդարանն այս նիստում ավարտեց նախորդ քառօրյայում սկսված` «Զինապարտության մասին օրենքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» կառ ավարության  օրենսդրական նախաձեռնության քննարկումը: Պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը եզրափակիչ ելույթում  ասաց, որ պարտադիր  զինվորական ծառայության ժամկետի փոփոխություն չի նախատեսվում: Զինված ուժերում քաղաքացիական ծառայության իրավահարաբերությունները նախատեսվում է կանոնակարգել քաղծառայության մասին օրենքով: Փոխնախարարը պատգամավորների վավերացմանը ներկայացրեց նաեւ «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համար զինվորական կադրերի պատրաստման մասին» համաձայնագիրը:

            Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց «Ինկասացիայի մասին» օրենքում փոփոխության  նախաձեռնությունը, որով  պետք է դրամի փոխադրման անվտանգությունը մեծացվի: ԿԲ նախագահի խոսքերով,  այս քայլն անհետաձգելի է. փողի ծավալների ավելացմամբ պայմանավորված`  այն փոխադրելու հարցում նոր ռիսկեր են նկատվում: Նախագծի ընդունման պարագայում կառավարությունը պարտավոր կլինի  սահմանել անվտանգության կանոններ` վերահսկելով դաշտը:  ԿԲ նախագահը ներկայացրեց նաեւ երեք օրենսդրական փաթեթ` «Իրավական ակտերի մասին», «ՀՀ Կենտրոնական բանկի մասին», «Ճանապարհային վճարի մասին» օրենքներում եւ  հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին: Փաթեթները պետք է ընդունվեն  երկրորդ ընթերցմամբ:

          Քրեական դատավարության օրենսգրքում առաջին ընթերցումից հետո որոշ փոփոխություններ են կատարվել: Ըստ փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանի, ընդունվել են պետական-իրավական հարցերի հանձնաժողովների երկու առաջարկները: Մասնավորապես` նախագծում ամրագրվել է, որ ձերբակալված կասկածյալն ունի  պաշտպանի մասնակցությամբ քննվելու իրավունք, նաեւ`  հարցաքննությունից առաջ առանձին, խորհրդապահական  կարգով պաշտպանի հետ տեսակցելու իրավունք: Տեսակցության ժամկետը կարող է սահմանափակվել միայն  այն դեպքում, եթե  կասկածյալը պետք է մասնակցի դատավարական այլ գործողությունների:  Չի ընդունվել պատգամավոր Հեղինե Բիշարյանի առաջարկը` ծանուցագրի փոխանցման միջոցների մասին: Կառավարությունն այն ամբողջական չի համարել:  Նախագծի վերաբերյալ թե պետական-իրավական հարցերի եւ թե պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովների եզրակացությունները դրական են:   Երկու հանձնաժողովներում կարծում են, որ  փոփոխությունները մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ դրական քայլ են:

          «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքում,  քաղաքացիական եւ քրեական օրենսգրքերում փոփոխությունների փաթեթը նույնպես կառավարությունն առաջարկում է ընդունել երկրորդ ընթերցմամբ:  Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի եւ կառավարության առաջարկություններով նախագծերը լրամշակվել են: Մասնավորապես տրվել է տեսալսողական ստեղծագործության սահմանումը, տառատեսակը դիտարկվել է որպես հեղինակային իրավունքի օբյեկտ:      

          Կառավարությունն առաջարկում է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել  «Շահումով խաղերի եւ խաղատների մասին»  եւ «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» օրենքներում փոփոխությունների եւ լրացումների նախագծերը, ինչպես նաեւ  «Թանկարժեք մետաղների մասին»  օրինագիծը` կից 7 նախագծերով` երրորդ ընթերցմամբ: Բնապահպանության ոլորտին առնչվող երկու նախագծերից մեկն առաջին ընթերցումից հետո մնացել է անփոփոխ, մյուսում կատարվել է երեք փոփոխություն: «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախաձեռնությամբ սահմանվում են ատոմային էներգիայի օգտագործման լիցենզավորման համար պետտուրքի  դրույքաչափեր: Իսկ  «Ընկերությունների կողմից  վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» օրենքում, որով սահմանվում է շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն ունեցող ընկերությունների ցանկը, առաջարկվում է ընդգրկել նաեւ «Ասկե-Գրուպ» ընկերությունը: 

            Պատգամավորներին ներկայացվեցին նաեւ «Սոցիալական ապահովության քարտերի մասին» եւ «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքների փոփոխությունների երկու փաթեթները` երկրորդ ընթերցմամբ  եւ «Ինովացիոն գործունեության մասին» օրինագիծը` երրորդ ընթերցմամբ ընդունելու համար: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am