Խորհրդարանը փետրվարի 8-ի նիստում քննարկել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը:
Թեկնածուի կենսագրությունը եւ աշխատանքային ուղին ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Սարգիս Խանդանյանը 2021 թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ է: Թեկնածուն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար է եւ Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական հարցերի հանձնաժողովի համանախագահ:
«Վստահ եմ, որ պարոն Խանդանյանն այս պաշտոնում լավագույնս կիրականացնի հանձնաժողովի նախագահից բխող լիազորությունները եւ բոլոր պարտականությունները»,- եզրափակել է իր խոսքն Արթուր Հովհաննիսյանը:
Թեկնածուն շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը` հանձնաժողովի նախագահի պաշտոնում իրեն առաջադրելու համար: Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել նաեւ հանձնաժողովի նախկին նախագահ Էդուարդ Աղաջանյանին` նախորդ մեկուկես տարվա ընթացքում մեր երկրի համար բարդ շրջափուլում հանձնաժողովը ղեկավարելու իր պարտականությունները լավագույնս կատարելու համար:
«Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարեւոր դերակատարում ունի խորհրդարանական դիվանագիտության աշխատանքները կազմակերպելու տեսանկյունից: Հայաստանի անվտանգային եւ արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու, մեր երկրի ասելիքը եւ արտաքին քաղաքականությունն առավել ընկալելի ու տեսանելի դարձնելու համար կարեւոր է շարունակել ակտիվորեն օգտագործել խորհրդարանական դիվանագիտության ամբողջ գործիքակազմը եւ այդ հարցում լինել առավել նախաձեռնողական»,- նշել է զեկուցողը:
Սարգիս Խանդանյանը խոսել է նաեւ հանձնաժողովի եւ, ընդհանրապես, խորհրդարանական դիվանագիտության հրատապ անելիքների մասին, անդրադարձել ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթություններին, ներկայացրել դրանց վերաբերյալ իր պատկերացումները:
Եզրափակելով խոսքը` Սարգիս Խանդանյանը հավաստիացրել է, որ ընտրվելու դեպքում, ինչպես միշտ, այժմ էլ իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է ՀՀ պետական շահերի, անկախության եւ ինքնիշխանության պաշտպանության սկզբունքներով եւ փորձելու է լինել հնարավորինս նախաձեռնող եւ հաշվետու:
Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին. դրանք վերաբերել են հանձնաժողովի գործունեությանը, այլ մարմինների հետ համագործակցության ակտիվացմանը, ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը, ԼՂ խնդրի կարգավորմանը եւ այլն:
«Այսօր ԼՂ-ում տիրող հումանիտար իրավիճակը, ԼՂ-ի հայության նկատմամբ Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության իրականացումը եւս գալիս են փաստելու, որ մենք պետք է առաջին հերթին կայուն երաշխիքներ ստեղծենք ԼՂ-ի հայության իրավունքների եւ անվտանգության ապահովման համար»,- ընդգծել է Սարգիս Խանդանյանը: